«Չեմ զարմանա, որ ասեն՝ Տիգրան Մեծն էր մեղավոր, որովհետև սխալ կնոջ հետ ամուսնացավ, և ծոռնուհին՝ Էռատոն, անհաջող տիպ ստացվեց». Արթուր Խաչատրյանը՝ իշխանական պատգամավորին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ Արցախը կորցրել են 1992 թվականին՝ Արթուր Մկրտչյանի սպանությամբ: Այնուհետև դիմելով խորհրդարանական ընդդիմությանը, շեշտեց. «Իսկ ո՞ւմ անվան հետ էր կապվում այդ սպանությունը։ Կարծում եմ՝ արժի գլխիկոր լինեք։ Չնայած ձեր կուսակից ընկերների սպանությունը դուք շատ հեշտ եք մոռանում։ Ուրացաք Արթուր Մկրտչյանին, ուրացաք Արցախը։ Չխոսեք այլևս այս մասին»։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իշխանական պատգամավորի այս հայտարարությանը, նկատելով, որ հասկանում է իշխանությունների ձգտումները, իրենց կրած պարտության մեջ բոլորին մեղավոր, իսկ իրենց անմեղ դարձնեն:
«Չեմ զարմանա, որ ասեն՝ Տիգրան Մեծն էր մեղավոր, որովհետև սխալ կնոջ հետ ամուսնացավ, և ծոռնուհին՝ Էռատո անունով, շատ անհաջող տիպ ստացվեց, և դրանից եղան մեր բոլոր ձախողումները: Ոչ, Արցախի 75 տոկոսը մենք կորցրեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթի արդյունքում, դա ֆորմալացվեց: Իսկ իրականում Արցախի մեր կորուստները սկսվեցին 2018 թվականի երկրորդ կեսից, երբ իշխանությունները սկսեցին վարել անհեռատես քաղաքականություն: Կարծում եմ՝ իրենց վարվող անհեռատես քաղաքականությունը, օրինակ, Գլխավոր շտաբի պետի հորդորներին չհետևելը, դիվանագիտական ձախողումները, բոլոր դաշնակիցներից կտրվելը, դա բերեց նրան, որպեսզի Ադրբեջանը ագրեսիա ծավալի Արցախի ու Հայաստանի դեմ»,- նշեց Արթուր Խաչատյանը:
Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե Արցախը 30 տարի առաջ էին տվել և սպասում էին, որ Նիկոլ Փաշինյանը գա իշխանության և այդ պարտությունը նրա վրա բարդեն, ապա Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այդ ամենն աբսուրդի ժանրից է;
«Եթե իշխանությունն իր երկերը գրի, ապա Կաֆկայից ավելի մեծ հաջողություններ կունենա»,- հավելեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում