Հունաստանը ՌԴ-ին խնդրել է հրդեհների մարման համար համապատասխան տեխնիկա տրամադրել
Հունաստանը, երկրում մոլեգնող հրդեհների մարման համար Ռուսաստանի Դաշնությունից խնդրել է երկուական Իլ-76 ինքնաթիռ և Մի-8 ուղղաթիռ: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին խոսվել է հունա-ռուսական միջկառավարական խառը հանձնաժողովի համանախագահներ Հունաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսի և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հեռախոսազրույցի ժամանակ:
«Վարվիցիոտիսը շնորհակալություն է հայտնել Սավելևին Ռուսաստանի անմիջական և գործնական օգնության համար՝ Հունաստանի համար այս դժվարին պահերին»,- նշվել է հաղորդագրության մեջ, ըստ որի, նա հայտնել է, որ տրամադրվելիք ուղղաթիռներն ու ինքնաթիռները կօգնեն հրդեհների մարման համար: