«Աստված հոգին լուսավորի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի». Վանեցյանը՝ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու գործի և «տուշոնկա շոու»-ի մասին

Լրագրողներն այսօր խորհրդարանում ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին, թե ինչ զարգացումներ կան՝ պետական պաշտոնատար անձի մահափորձի նախապատրաստման գործով։

«Նոյեմբերի 9-ից հետո ինձ մի քանի անգամ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդություն ստանալու համար, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմնավորմամբ։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ։

Գործը հարուցված է: Ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց անցել է արդեն 7-8 ամիս, և որևէ անգամ որևէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել»,- մանրամասնեց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց նաև, որ գործում ներգրավված անձանցից ծանոթ է եղել միայն Աշոտ Մինասյանի հետ, իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ ծանոթացել է ձերբակալումից ազատ արձակվելուց հետո:

«Դա ուղղակի աբսուրդ է։ Հիմա, այս հարցազրույցից, այս հրապարակումից հետո, ես չեմ բացառում, որ շատ ակտիվ ինձ սկսեն նորից կանչել քննչական մարմիններ»,-  նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ մեղադրող կողմն ընդունել է, որ ԱԱԾ հրապարակած տեսանյութը մոնտաժված է:

Հարցին, թե Ձեր ժամանակ էլ էի՞ն մոնտաժում՝ Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Ո’չ, իմ ժամանակ եթե մոնտաժվեր, հաստատ ինչ-որ կերպ բացահայտված կլիներ:

Իմ ժամանակ, երբ ես եղել եմ ԱԱԾ տնօրեն, որևէ գործ չի մոնտաժվել, որևէ գործ չի սարքվել»:

Լրագրողների դիտարկմանը, թե «տուշոնկա շոուն» է՞լ չի մոնտաժվել, նա արձագանքեց. ««Տուշոնկա շոու»-ի հետ կապված ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ: Աստված հոգին լուսավորի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, և եկեք այդ թեմայի շուրջ չխոսենք:

Եթե ես ինչ-որ մի տեղ սխալ բան եմ արել, քննությունը կպարզի, եթե ես ինչ-որ մի տեղ սխալ բան եմ արել, այս  իշխանությունների շահերից է բխում ինձ մեղադրանք առաջադրելը, և ինչպես լուսահոգի գեներալն էր ասում՝ հա՛մ չագուչն է իրենց ձեռքը, հա՛մ էլ՝ մեխը. թող փորձեն ինչ-որ բան ապացուցել»:

Արթուր Վանեցյանը չհաստատեց տեղեկությունները, թե պատրաստվում է աշնանը հեռուստաընկերություն գնել՝ նկատելով. «Ես այդքան ֆինասնական միջոցներ չունեմ և նման բանակցությունների մեջ չեմ գտնվում առհասարակ»:

Տեսանյութեր

Լրահոս