Կինոլոգները նշել են շների ամենատարածված «գրքային» անունները
Ռուսաստանի կինոլոգների ֆեդերացիան (ՌԿՖ) Գրքասերների համաշխարհային օրվա առթիվ կազմել է շների անունների վարկանիշը, որոնց կոչել են գրական հերոսների պատվին. թոփ-10-ում առաջատարը Հրաշքների աշխարհից Ալիսան է, իսկ վարկանիշը եզրափակում է Վիննին՝ Վիննի-Թուխի մասին հեքիաթներից։ Այդ վարկանիշը, որին ծանոթացել է ՌԻԱ Նովոստին, կազմվել է ՌԿՖ-ի միասնական ցեղաբանական գրքի տվյալների հիման վրա, որում տարեկան գրանցվում է շուրջ 320 հազար շան ձագ:
«Հայտնի գրական ստեղծագործությունների հերոսները հաճախ են շնատերերին հրապուրում իրենց անուններով: Այստեղ ես տերերին խորհուրդ կտայի, որպեսզի նրանք երկար անուններ չընտրեն, ամենալավը միավանկ կամ երկվանկ անուններն են, այդպես ավելի դյուրին կլինի անունը հիշել: Անուն ընտրելիս պետք է ի նկատի ունենալ եւս մեկ շատ կարեւոր պահ՝ շների համար իր անունը մյուս բառերի թվում ճանաչելու հնարավորությունը: Եթե դուք, այնուամենայնիվ, կանգ եք առել երկար անվան վրա, պարտադիր մտածեք այն բանի մասին, թե դուք այն ինչպես կարող եք կրճատել վարժանքների եւ զբոսանքների ժամանակ օգտագործելու համար»,-մեկնաբանելով վարկանիշը, ՌԻԱ Նովոստիին պատմել է ՌԿՖ-ի նախագահ Վլադիմիր Գոլուբեւը: ՌԿՖ-ի վարկանիշի թոփ-10-ի համաձայն, տարածվածությամբ առաջին տեղում հայտնվել է Ալիսա անունը, որը կապված է«Ալիսան հրաշքների աշխարհում» ստեղծագործության գլխավոր հերոսուհու հետ:
Այդ անունով գրանցվել է 2099 շուն: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Վիլյամ Շեքսպիրի «Համլետ» պիեսի կենտրոնական գործող անձը: Խիզախ հերոսի անունը կրում է 640 շուն: Երրորդ տեղում գտնվող Շեռլոկ անունը կապված է նշանավոր խուզարկու Շեռլոկ Հոլմսի հետ: «Այդ անունով գրանցվել է 546 շուն: Հնարավոր է՝ այդ շները հիանալի խուզարկուներ են»,-ասվումէ վարկանիշում: Գրքասեր շնատերերի ուշադրությունից դուրս չի մնացել նաեւ շեքսպիրյան մեկ այլ ստեղծագործություն՝ «Ռոմեո եւ Ջուլիետա» պիեսը: Ռուսաստանի փողոցներում եւ բակերում վազում է 521 շուն, որոնք կրում են ստեղծագործության գլխավոր հերոսուհու անունը, եւ 461 շուն՝ նրա սիրեցյալի անունը: Ամենատարածված անունների ցուցակում նաեւ տեղ են գտել այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Փիթեր Փենը (համանուն հերոսի անունով՝ 416 շուն), Բոնդը (318, սուպերգործակալը՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող վեպերից): Վարկանիշը եզրափակում է Վիննի անունը՝ Վիննի Թուխ թավշյա արջուկի մասին պատմվածքների եւ բանաստեղծությունների հերոսը: Ռուսաստանում այդ անունն է կրում 232 չորքոտանի: