Բաժիններ՝

Սամս զանգել, դողացող ձայնով գոռում էր՝ մերս, մի լացի, դու հերոս որդի ունես, քո տղան թուրքից տանկ է բերել. մայրը՝ նահատակված Սամվել Գևորգյանի մասին. tert.am

Սամս կարող էր այստեղ չծառայել, մեզ հակառակվելով որոշում կայացրեց, որ պետք է գա ու հայրենիքի համար ծառայի, ծառայության ավարտին մնացել էր երկու ամիս, քսան օր։ Շատ գոհ էր իր ծառայությունից. արժանացել էր պատվոգրերի, շնորհակալագրի, քաջարի մարտիկ մեդալի։ Ընդհատվեց կյանքն այն ժամանակ, երբ ինքն ինձ շատ էր պետք:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 21-ամյա Սամվել Գևորգյանի մասին Tert.am-ին պատմել է հերոսի մայր Հասմիկ Գևորգյանը:

Սամվելն Արարատի մարզի Գինեվետ գյուղից էր: Ուսումը կիսատ թողնելով՝ հինգերորդ դասարանից ընտանիքով մեկնել էին Ռուսաստան, գերազանց էր սովորում: Մայրը պատմում է, որ որդին շախմատ էր լավ խաղում ու պատվոգրերի ու մեդալների է արժանացել, ստացել է «Սպորտի վարպետ» կոչումը:

Հերոս ընտանիքի միակ տղան էր, մեկ քույր ունի: «Չեմ կարողանում բալիս մասին անցյալով խոսել։ Տղաս իր վրա էր վերցրել մարդկային լավագույն հատկանիշները, նա իր ամբողջ կյանքում մեկին վիրավորած չկար, իր տարիքի համեմատ ավելի հասուն էր, անգամ իրենից մեծերին խորհուրդ էր տալիս, չափից շատ ծնողասեր էր»։

Աշխատասեր տղան աշխարհում ամենից շատ սիրում էր, երբ մայրիկին ուրախ էր տեսնում ու ամեն ինչ անում էր մայրիկի դեմքին ժպիտ տեսնելու համար: «Սամս գիտեր, որ ես շատ ծանր ու դժվար օրերով եմ իրենց մեծացրել ու միշտ ասում էր՝ մերս, հիմա իմ հերթն ա, քեզ վարդի պես եմ պահելու: Օտար հողում շատ դժվար էր տղա երեխա մեծացնել, միշտ անհանգիստ էի, բայց որդիս ասում էր՝ մերս, ես չեմ անի էնպիսի բան, որի համար դու գլուխդ կկախես»:

Մայրը հիշում է՝ սեպտեմբերի 27-ին սոցցանցերից է տեղեկացել, որ պատերազմ է սկսվել: «Անհանգիստ էի, Սամս զանգերիս չէր պատասխանում: Կեսօրին անծանոթ համարից զանգ եկավ, վերցրի, Սամս էր, չկարողացա խոսել, լաց էի լինում, իսկ ինքը փորձում էր ինձ հանգստացնել, չգիտեմ, հուզված էր, թե ինչ, բայց դողացող ձայնով գոռում էր՝ մերս, մի լացի դու հերոս որդի ունես, քո տղան թուրքից տանկ է բերել, չլացես, քո տղան հերոս ա»։

Սամվելն ամեն օր զանգել է մայրիկին, որ մայրը շատ չանհանգստանա ու վստահ լինի, որ որդին լավ է: «Վերջին զանգը եղավ հոկտեմբերի 6-ին ու տղայիցս այս խոսքերս լսեցի՝ մամ ջան, պուպուշ մնա, ցավդ տանեմ, շատ եմ սիրում քեզ: Սամս շրջափակման մեջ էր մնացել, թեժ կռիվների է մասնակցել, անօդաչու է ոչնչացրել, բայց շատ հանգիստ էր իրեն պահում, ասես դաշտում չլիներ։ Սամս որոշել էր, որ գալու է ու Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում է սովորելու, հետո գնալու էր Մոսկվա, բիզնես հիմներ. ցավոք, որդուս երազանքներն ու նպատակները կիսատ մնացին»:

44 օր տևած պատերազմի ավարտի մասին մայրն ասում է, որ երբեք նման ավարտ մտքով չի անցել: «Եթե ողջ լիներ Սամս, ամբողջ աշխարհի համար կգոռայի, որ որդիս տուն եկավ, չտեսա ու չզգացի այդ կարևոր պահը:

Սամվելն ընկել է հոկտեմբերի 7-ին անօդաչուի հարվածից՝ Մատաղիսում, իսկ հերոսի քույրն իր նորածին բալիկին եղբոր անունն է տվել, փոքրիկ Սամվելին դեռ մորեղբոր մասին շատ են պատմելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս