Բաժիններ՝

Թալիբների հարձակումը չի փոխել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու Բայդենի պլանը

«Թալիբան» ահաբեկչական շարժման ռազմական հաջողություններն Աֆղանստանում չեն փոխել այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պլանները: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ օգոստոսի 8-ին Պենտագոնի պաշտոնյաները հեռախոսով զեկուցել են Կունդուզի նահանգում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց դա չի ազդել Բայդենի որոշման վրա:

Ինչպես նշում է The New York Times-ը, հուլիս ամսին Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները շատ բան են արել, որպեսզի Աֆղանստանի կառավարական ուժերը կարողանան ինքնուրույն պաշտպանվել թալիբներից: Դրա հետ մեկտեղ անցյալ շաբաթ «Թալիբան»-ը հայտարարել է մի քանի նահանգների կենտրոնները գրավելու մասին:

Նախօրյակին թալիբները վերցրել են միանգամից երեք նահանգների՝ Թահարի, Սարի-Փուլի եւ Կունդուզի, կենտրոնները: Իրադրությունն Աֆղանստանում լրջորեն բարդացել է ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների զորքերը երկրից դուրս բերելու ֆոնին: «Թալիբան» ահաբեկչական շարժումն արդեն վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս