
Ինչո՞ւ «Հայաստան» խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխարեն ընտրեց տնտեսական հանձնաժողովը

ԱԺ-ում լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ խմբակցությունը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխարեն առաջնահերթությունը տվեց տնտեսական հանձնաժողովին, ինչին ի պատասխան նա ասաց, թե դրա հիմնավորումը եղել է խմբակցության որոշումը՝ հաշվի առնելով իրավիճակը և որոշակիորեն արդյունավետության, ուժերի կիրառման հնարավորությունները։
«Ըստ էության իրավիճակը հետևյալն էր. Մեր կողմից այդ մի քանի հանձնաժողովներից առաջնահերթությունը տրվել էր մեկին, որն էլ հասու էր ավելի մեծ քանակի մանդատ ունեցող ուժին»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Անդրադառնալով իրենց խմբակցության կալանավորված պատգամավորներին՝ Արամ Վարդևանյանը նշեց, որ այսօր կամ վաղն այդ հարցով դիմումը կներկայացնեն ՍԴ։
«Հուլիսի 20-ին ներկայացվել էր դիմում՝ պատգամավորներից մեկի, որը դեռ լիազորությունները չէր ստանձնել նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու մասին։ ԿԸՀ-ն վերադարձրել է այդ միջնորդությունն այն հիմքով, որ այլևս պատգամավորի թեկնածուի կարգավիճակ առկա չէ և այդ հարցի լուծումը դուրս է ԿԸՀ-ի իրավասության տիրույթից։ ԿԸՀ-ն կարգավիճակի փոփոխումն արձանագրել է, բայց ՀՀ դատախազության համար այս պարզ ճշմարտությունը դեռ հասկանալի չէ։ Սա իրավական աբսուրդի բարձունքներից մեկն է, որ կարծում եմ՝ երկար ժամանակ որևէ պաշտոնյա չի կարողանալու հաղթահարել»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ վստահեցնելով, որ այդ կալանավորումները վերացվելու են։