Բաժիններ՝

Երաշտ էր, ու գյուղացին, տեսնելով, որ չի կարող անասունները պահել՝ սկսեց մորթել, ու հիմա արդեն պակաս կա, հետևաբար` նաև թանկացում. Կարեն Չիլինգարյան

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 32.2%):

Այս պահին մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում խոզի թիակը վաճառվում է 3550 դրամով, խոզի մատերը՝ 4500 դրամով, չալաղաջը՝ 4500 դրամով:

Թանկացել է տավարի միսը. տավարի մսի 1 կիլոգրամը 3150 դրամից դարձել է 3350 դրամ, իսկ աղացած մսի 1 կիլոգրամը 3450 դրամ է: Գառան մսի 1 կիլոգրամը 4500-4650 դրամ է:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի դիտարկմամբ՝ թանկացման գործում դեր ունի նաև ներկրվող սննդամթերքը, սակայն կա նաև սեզոնի խնդիրը:

«Քիչ էին նաև անձրևները, երաշտ էր, խոտը՝ քիչ, ու գյուղացին, տեսնելով, որ չի կարող անասունները պահել, սկսեց մորթել, ու հիմա արդեն պակաս կա, հետևաբար՝ նաև թանկացում: Շատ չի թանկացել, մոտ 100 դրամի տարբերությամբ: Խոզի չալաղաջի կիլոգրամը, ոչ սուպերմարկետներում, նախկին 3800-3900 դրամից թանկացել է՝ դառնալով 4000 դրամ, իսկ խոզի բդի 1 կիլոգրամը 2950-3000 դրամից դարձել է 3100 դրամ: Կա նաև հարցի մյուս կողմը. խոզի մսի թանկացումն արդեն ավանդական է դարձել։ Ամեն տարի այս սեզոնին թանկանում է: Մարդիկ մեկնում են հանգստի, շատ են օգտագործում, և այլն»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:

Նրա փոխանցմամբ՝ այլ մթերքների դեպքում որոշակի գնանկում կա:

«Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հիմնականում ներկրվող ապրանքն է թանկացել ու էժանանում են, երբ, օրինակ, ԵԱՏՄ շուկայում տվյալ ապրանքի գինը նվազում է: Օրինակ, ձեթի գնի որոշակի նվազում կա, բայց ոչ այնպես, ինչպես մեկ տարի առաջ էր: Այն ժամանակ 600-650 դրամ էր ձեթի մեկ լիտրը, իսկ հիմա՝ 1100-1250 դրամ է: Ամեն դեպքում նախկին գները դեռ չեն վերադարձել»,- նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հուլիսը 2020թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 8.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5% գնանկում:

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.4% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել է մրգի, յուղերի և ճարպերի, բանջարեղենի, շաքարի և շաքարավազի ապրանքախմբերում գրանցված 13.0-2.1% գնանկումը: Մրգի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 11.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ` 13.0% գնանկում:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.8% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 75.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 7.0% գնանկում):

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 39.4% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 12.1% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնանկում: Ձվի գինը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ աճել է 51.3%-ով, իսկ 2021թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.3% գնանկում: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 23.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 3.0% գնաճ («Իշխան» ձկնատեսակի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 27.5%):

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնաճ (խոզի մսի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 32.2%): Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6%, 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.3% և 1.2%: 2021թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.3%, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4% գնաճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս