Ով է «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամը
Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի, իր խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամի հետ:
Նշենք, որ երբ 2018-ի նոյեմբերի 11-13-ը «Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը Մոսկվայում էր, Վարդանյանը այցի առիթով կազմակերպված գալա-համերգի նախաձեռնողներից մեկն էր:
Արտյոմ Վարդանյանի՝ 2015-ին «Դե Ֆակտո» ամսագրին տված հարցազրույցից պարզ է դառնում, որ գործարարության ոլորտում առաջին քայլերը կատարել է Հայաստանում, այնուհետև՝ շարունակել է Ռուսաստանի Դաշնությունում: Մասնավորապես, 2012 թվականին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հիմնել է Kraun Group-ը, որը զբաղվում է շինարարական նյութերի արտադրությամբ: Նույն հարցազրույցից տեղեկանում ենք, որ նա եղել է ՀՀԿ անդամ, հայրը Մնացական Վարդանյանն է, ով երկար տարիներ եղել է Գեղամավանի համայնքապետը:
«Ապրելով հորս կողքին` ես միշտ մոտ եմ եղել քաղաքականությանը և ակամա առնչվել դրան: Երկրի զարգացման ճանապարհին գործուն դերակատարում ունենալու համար պետք է ներգրավված լինել նաև քաղաքականության մեջ, ինձ համար դա ինքնանպատակ չէ, այլ խիստ նպատակային»,- նշված հարցազրույցում ասել է Վարդանյանը:
Ի դեպ, նա 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում, ծառայության ընթացքում հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնվիրության համար պարգևատրվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից: