Ինչո՞ւ Ռուսաստանը մերժեց սահմանապահներ տեղակայելու հայաստանյան առաջարկը

«Հայաստանի առաջարկը՝ ռուս սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, հակասեց ռուսական շահերին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ օրերս հրապարակված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովն օրերս ասել էր, որ Ռուսաստանը չի տեղակայում սահմանապահներ հայ-ադրբեջանական սահմանին` կողմերի միջև միջազգային իրավական ակտերի և վստահության բացակայության պատճառով:

Նա նշել է, որ սահմանին կայուն դեէսկալացիա կարող է ապահովվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ աշխատանքների անհապաղ մեկնարկով` դրան հետևող սահմանազատմամբ:

«Ռուսաստանը հանդես է գալիս այս հարցի հնարավորինս շուտ լուծման օգտին»,- ասել է Բիկանտովը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնյան պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման իրականացման խոչընդոտներից մեկը միջազգային-իրավական ակտերի բացակայությունն է, որի պատճառով կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտ է ձևավորվել:

Մենագարիշվիլին ասաց, որ ՌԴ նմանատիպ որոշումը սպասելի էր։ Ըստ նրա, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ է և ՌԴ ռազմավարական գործընկերը, ՌԴ-ն չի ցանկանում ուղիղ «կանգնել» ընդդեմ Ադրբեջանի, քանի որ առավելապես հետաքրքրված է իրեն դիրքավորել՝ որպես չեզոք միջնորդ։

Մյուս կողմից, նրա խոսքով, սահմանագծում-սահմանազատում կարծես առաջարկել է ռուսական կողմը։

Փորձագետի կարծիքով, եթե խնդիրները վերանան՝ սահմանային, սահմանազատման գործընթացը, ենթադրաբար, կդանդաղի, ՌԴ-ն շատ ավելի մեծ պատասխանատվություն կկրի իրավիճակի համար։

«Ըստ երևույթին, Ռուսաստանը դա չի ցանկանում, ավելին՝ հակված է, որ կողմերի միջև բանակցային գործընթացը հնարավորինս շուտ վերսկսվի, իսկ լարվածությունը միշտ չէ, որ բացասաբար է ազդում նման իրավիճակներում։ Ռուսաստանին հիմա ամենաքիչն է հարկավոր հավելյալ խնդիրներ, նոր աշխարհաքաղաքական դասավորություններ Հարավային Կովկասում, ուստի որքան իրավիճակը երկարաձգվի, չիրականացվի սահմանազատում, այնքան ավելի գուցե մեծանան ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ արևմտյան այլ միավորների դերակատարման հնարավորությունները։

Ուստի սահմանը լիովին վերահսկելը չտեղավորվեց ռուսական շահերի շրջանակում։ Սակայն չի բացառվում նաև այն հանգամանքը, որ տեղակայվեն որոշ կետեր՝ հայկական կողմի առաջարկը լիովին չմերժելու համար, սակայն ողջ սահմանին դա չի վերաբերի, միևնույն ժամանակ Ադրբեջանը չի տեսնի, որ Ռուսաստանն ակնհայտ աջակցում է Հայաստանին։ Սրանք կարևոր նրբություններ են Ռուսաստանի համար»,- ասաց Մենագարիշվիլին։

Սրան զուգահեռ, նրա կարծիքով, ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ առաջարկի մյուս հատվածին, որն ուղղված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին, չեն արձագանքում արևմտյան կառույցները։

«Եթե մինչ այս պահը չարձագանքեցին, չեն արձագանքի։ Սակայն այստեղ իրականում կա միջազգային իրավական խնդիր, եթե Ռուսաստանի դեպքում դա կարող է դիտարկվել՝ որպես արհեստածին պատրվակ, ապա արևմտյան կառույցների կամ ԵԱՀԿ ՄԽ-ի դեպքում դա լուրջ հարց է, քանի որ նման հարցերը կարևոր են այդ երկրների համար, եթե չկա հիմք, որի հիման վրա կարող է նման առաքելություն իրականացվել, ապա դժվար է այն իրագործելը, ուստի այս հարցը կարգավորելը բոլորը թողնում են կողմերի վրա, իհարկե, Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասաց Մենագարիշվիլին։

Ըստ նրա, որքան էլ ցավալի է, խնդիրները կշարունակվեն, քանի դեռ գործընթացը եռակողմ ձևաչափով հունի մեջ չի ընկել։

Տեսանյութեր

Լրահոս