Կատարական ֆուտբոլային ակումբը 1 մլրդ եվրոյի պայմանագիր է առաջարկել Մեսսիին
Աշխարհի ֆուտբոլային առաջատար ակումբները կատաղի պայքար են սկսել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար: Այդ պայքարին միացել է նաև Կատարի «Ալ-Սադդ» ակումբը՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվողին առաջարկելով 1 մլրդ եվրո գումարով երեք տարվա պայմանագիր: Այս մասին հայտնում է 101 Great Goals պորտալը:
Աղբյուրը նշում է, որ Մեսսին հունիսի 30-ից ազատ գործակալի կարգավիճակում է, քանի որ ֆուտբոլիստին և կատալոնական «Բարսա»-ին չի հաջողվել համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ: Թե ինչպես կարձագանքի արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստը «Ալ-Սադդ»-ի առաջարկին, առայժմ հայտնի չէ, բայց կատարական այս ակումբի հետ կապված ամենահետաքրքիր փաստն այն է, որ թիմը մարզում է Մեսսիի նախկին խաղընկեր, «Բարսայի» մեկ այլ լեգենդար խաղացող Չավի Էռնանդեսը:
Ի դեպ, հայկական ակումբներից «Նոա»-ն նույնպես դեմ չէ իր կազմում տեսնել աշխարհահռչակ ֆուտբոլիստին: «Նոա»-ի Instagram-ի պաշտոնական էջի «Stories» բաժնում հրապարակվել է աշխարհահռչակ ֆուտբոլիստին ուղղված նամակը, որում նշված է. «Հարգելի Լեո, եթե ցանկանաս փոխել վեկտորը, խնդրում ենք դիմել մեզ»: