
Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր. Յանևը շնորհավորել է Փաշինյանին

Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:
«Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է շնորհավորական ուղերձում:
Ողջունելով Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը՝ Յանևը համոզմունք է հայտնել, որ ի դեմս Բուլղարիայի հայկական կողմն ունենալու է վստահելի և լավ գործընկեր և բարեկամ: