Բերման ենթարկված անձինք խոստովանական բացատրություն են տվել
Հուլիսի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Արենի գյուղի Հին շուկա կոչվող տարածքից բաժին բերման ենթարկեցին Քաջարան քաղաքի 30 և 32 տարեկան երկու բնակչի՝ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի մեքենայով հանդերձ: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց դեղնավուն, չորացված, մանրացված զանգված:
Ըստ մեքենայի վարորդի` հայտնաբերվածը սփայս թմրամիջոց է, որը հուլիսի 30-ին 24.000 դրամով գնել էր «Տելեգրամ» հավելվածի միջոցով: Նա թմրանյութը վերցրել էր Կոտայքի մարզում, որի մի մասը նույն օրը հյուրասիրել էր 30-ամյա ուղևորին, մնացածը պահել էր մեքենայի մեջ` հետագայում օգտագործելու համար:
Բերման ենթարկված անձինք տվել են խոստովանական բացատրություն: Նշանակվել են փորձաքննություններ:
Քննությունը շարունակվում է: