
Virgin Galactic-ը հայտարարել է տիեզերական չվերթների տոմսերի վաճառքի մասին

Virgin Galactic ընկերությունն սկսում է տոմսեր վաճառել «տիեզերական զբոսաշրջիկներին». մեկ տեղի գինը մեկնարկում է 450 հազար դոլարից։
Ընկերության հայտարարության մեջ ասվում է «տիեզերագնացության մասնավոր շուկայում» գնորդների համար երեք տարբերակների մասին. բացի մեկ տեղից, ընկերությունն առաջարկում է «ընտանեկան փաթեթ» կամ չվերթի ամբողջական հետգնման հնարավորություն: Unity տիեզերանավի հաջորդ թռիչքը պլանավորված է սեպտեմբերի վերջին, այդ առաքելության համար վճարել է Իտալիայի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ): Virgin Galactic-ը հուլիսի 11-ին հաջողությամբ իրականացրել է իր Unity տիեզերանավի արձակումը՝ չորս մարդուց բաղկացած անձնակազմով, որը գլխավորել է ընկերության սեփականատեր Ռիչարդ Բրենսոնը:
Կրիչ ինքնաթիռից առանձնանալուց հետո Unity-ն ինքնուրույն բարձրացել է ավելի քան 80 կիլոմետր, որտեղ անձնակազմը մի քանի րոպե կարողացել է զգալ անկշռությունը: Դրանից հետո ապարատը ձեռնամուխ է եղել իջնելուն եւ շուտով վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Մեխիկո նահանգում գտնվող մասնավոր տիեզերակայանի տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: