Միտումնավորություն, իհարկե, կա. Գրիշա Խաչատուրովը հայտարարել էր՝ ոչ մի թիզ չի՛ հանձնվի. Սեյրան Օհանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի տարածած այն հայտարարությանը,  ըստ որի՝ Ռուսաստանը մերժել է Փաշինյանի առաջարկը՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ, քանի դեռ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները չեն արվել, ասաց, որ առաջին հերթին պետք է հարց ուղղել Նիկոլ Փաշինյանին, թե այսօր ի՞նչ հարաբերություններ են Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ ինչ վերաբերում է ռուսական զորքերի տեղակայմանը, ապա․

«Ռուսական զորքերի տեղակայման համար, ինձ թվում է՝ իրավապայմանագրային համապատասխան դաշտ պետք է ձևավորվի, և առանց այդ իրավական լուծումների շատ դժվար կլինի տվյալ խնդիրները իրականացնելու համար, բայց ինձ համար, որպես մեր դաշինքի անդամ և ռազմական կառույցի նախկին ղեկավար, ակնհայտ է, որ մենք ինքներս պետք է մեր սահմանները պաշտպանենք»։

Սեյրան Օհանյանը նկատեց՝ պետք է համապատասխան հաշվարկներ կատարվեն, ավելին, գեներալի կարծիքով՝ Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբն ունեն այդ հաշվարկները, ըստ որի՝ կարող են ստորաբաժանումների համապատասխան տեղաբաշխում կատարել․

«Պետք է հնարավորություն տալ և խիստ ցուցում տալ մեր ռազմական կառույցին, որ իրենք որոշում ընդունեն և ստորաբաժանումների համապատասխան տեղաբաշխում կատարեն, և եթե այդ ստորաբաժանումները բավարար չեն, ապա օգտագործեն ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերին, ներքին զորքերին, այն բոլոր զորքերին, որոնք Երևանում ապահովում են մի քանի հոգու անվտանգությունը։ Այսօրվա իշխանություններն ավելի շատ ուշադրություն են դարձնում մայրաքաղաք Երևանին, իրենց աթոռներին, քան մեր սահմանների պաշտպանությանը։ Խիստ միջոցներ է պետք ձեռնարկել մեր պաշտպանությունը կազմակերպելու․․․»։

Հարցին՝ ի՞նչ փոխվեց, որ Պաշտպանության նախարարը հրամայել է կրակել, քանի որ մայիսի 12-ից սկսած իշխանության ներկայացուցիչներն ասում էին, որ չպետք է կրակենք թշնամու վրա, քանի որ դրանով նոր պատերազմ կհրահրենք, Սեյրան Օհանյանը պատասխանեց․

«Պաշտպանության նախարարության հայտարարությունից ակնհայտ է, որ Զինված ուժերը պետք է իրենց առջև դրված խնդիրները կատարեն, հարց է՝ ինչո՞ւ նախկինում դա չի իրականացվել, կարծում եմ՝ այդ ամենը բանավոր պայմանավորվածությունների արդյունք է, առանց որևէ մի փաստաթղթի․ ցուցում էր տրվել ռազմավարական կետերից՝ Սյունիքում, Գեղարքունիքում նահանջել, առանց որևէ մի աշխատանքի, որ կկազմակերպվեր մեր սահմանների պաշտպանությունը։ Առանց որևէ խոչընդոտի ադրբեջանական զորքերն առաջ են եկել, այդ ամենի համար պետք է պատասխանատուներ գտնեն, և Ազգային ժողովում մեր խմբակցությունը հենց դրա համար է, որպեսզի որպես ռադիկալ ընդդիմություն՝ այդ կոշտ հարցադրումները դնի այսօրվա իշխանությունների առաջ, և նրանք բոլորը պետք է պատասխան տան։

Անդրադառնալով Տավուշի մարզում ռուս զինվորականների տեղակայմանը, Սեյրան Օհանյանին հարցրեցինք՝ արդյոք ինքը միտում տեսնո՞ւմ է Գրիշա Խաչատուրովին կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատելու մեջ․

«Նախ ինձ համար անընդունելի է համապատասխան ճանապարհ անցած, համապատասխան փորձի, հմտությունների, ունակությունների, մարտական ճանապարհ անցած մարդկանց հենց այնպես ազատելը զինվորական ծառայությունից։ Իհարկե, Գրիշա Խաչատուրովի տեղը կգտնենք մարդ, կարծես թե նշանակվել է, բայց Գրիշա Խաչատուրով՝ իր ունակություններով, չե՛նք գտնի, և այդտեղ, իհարկե, միտումնավորություն կա․ որովհետև Գրիշա Խաչատուրովը հայտարարել էր, որ իր տարածքում ոչ մի թիզ հակառակորդին չի՛ հանձնվի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս