Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը կանվանակոչվի Լևոն Հայրապետյանի անվամբ
Կառավարությունն ընդունել է որոշում Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն անվանակոչել ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի էքստրա դասի մրցավար, 1991-2018 թվականների Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մարզադպրոցի հիմնադիր Լևոն Հայրապետյանի անվամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:
Ըստ հիմնավորման՝ կարևորելով վաստակաշատ մանկավարժ Լևոն Հայրապետյանի ներդրած մեծ ավանդը սպորտի, մասնավորապես, սամբո մարզաձևի զարգացման, սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների կրթության և հայրենասիրական դաստիարակության գործում՝ մարզադպրոցի անվանակոչումը Լևոն Հայրապետյանի անվամբ նրա երկար տարիների նվիրումով աշխատանքի յուրատեսակ գնահատականն է: