Նախկին ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայցի հարուցման գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի (2017թ. գործունեությունը դադարեցվել է և ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ) կողմից Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետության համաֆիանսավորմամբ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագրի շրջանակներում իրականացված գնումների վերաբերյալ ՀՀ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննության արդյունքները: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն և փաստաթղթեր են պահանջվել ու ստացվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ինչպես տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը, արդյունքում պարզվել է, որ նշված ծրագրի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական» ԾԻԳ-ի կողմից ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել թվով 8 մարզերում ստեղծված 113 կոոպերատիվներին:
Հաշվեքննիչ պալատը ԾԻԳ-ի վկայակոչած ձեռքբերումներից իրականացրել է ընտրանքային թվով 9 պայմանագրերի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ ձեռք բերված գյուղատնտեսական տեխնիկայի գները էականորեն գերազանցել են շուկայական գներին:
ԾԻԳ-ի կողմից կազմակերպված մրցույթներին հիմնականում մասնակցել են 3-5 միևնույն կամ իրար հետ փոխկապակցված ընկերություններ: Օրինակ մի դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավերներ է ուղարկվել 9 ընկերության, որոնցից առնվազն 4-ի հիմնադիրները մինևնույն անձինք են: Մեկ այլ դեպքում սակարկությանը գնառաջարկ ներկայացնելու հրավեր է ուղարկվել 8 ընկերության, որոնցից առնվազն 3-ի հիմնադիրը մինևնույն անձն է: Ընդ որում, նշված ընկերությունները հանդիսացել են սակարկությանը գնառաջարկ ներկայացրած միակ հայտատուները: Մնացած ընկերությունների՝ հրավերքին որևէ արձագանք տալու վերաբերյալ տվյալներ առկա չեն, թեև ընկերություններին խնդրել են փոստով կամ ֆաքսով հաստատել հրավերքի ստացումը, ինչպես նաև մասնակցությունը կամ հրաժարվելը:
Պարզվել է նաև, որ ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2016թ. դեկտեմբերի 25-ին ընդունել են «Կ…» ՍՊ ընկերության 27.960.000 ՀՀ դրամով թվով 4 բեռնատար ավտոմեքենաների, 2016թ. մայիսի 13-ին՝ 40.050.000 ՀՀ դրամով թվով 6 բեռնատար մեքենաների մատակարարման գնառաջարկը և, անտեսելով, որ գնառաջարկ ներկայացրած ընկերությունները հիմնադրվել են միևնույն անձի կողմից, կնքվել են մատակարարման պայմանագրեր:
Բացի այդ, արտադրող և դիստրիբյուտոր ընկերությունների պաշտոնական տեղեկատվության միջոցների, գյուղտեխնիկա վաճառող ընկերություններից ստացված գնացուցակների և ՀՀ ՊԵԿ-ի կողմից տրամադրված ներմուծման վերաբերյալ տեղեկատվության համաձայն՝ վերոհիշյալ 68.000.000 ՀՀ դրամով ձեռք բերված բեռնատար մեքենաների շուկայական արժեքը կազմում է 44.391.200 ՀՀ դրամ:
Փաստորեն, ԾԻԳ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք 2015-2016թթ. պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով փոխկապակցված անձանց գնման գործընթացին միաժամանակյա մասնակցության հանգամանքը, գնառաջարկ ներկայացնելու հրավեր են ուղարկել միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերություններին: Չունենալով հրավերը ստանալու, գնման գործընթացին մասնակցության կամ հրաժարվելու վերաբերյալ մնացած ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ իբրև ամենացածր գնառաջակ ներկայացրած հայտատու են ճանաչել «Կ…» ՍՊԸ-ին: Արդյունքում իրականում ավտոմեքենաները ձեռք են բերել գնառաջարկ ներկայացրած միևնույն անձի կողմից հիմնադրած ընկերությունից՝ շուկայական գներից անհամեմատ բարձր գներով՝ բյուջեին միայն վկայակոչած ուսումնասիրված պայմանագրերով պատճառելով շուրջ 24.000.000 ՀՀ դրամի վնաս:
Ուսումնասիրության արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: