«Կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է զտվեն և դուրս մղվեն համակարգից». Կարեն Անդրեասյան

Արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը նախարարի պաշտոնում լրագրողների հետ իր առաջին հանդիպման ժամանակ նշեց, որ թե՛ վեթինգի ուղղությամբ, և թե՛ քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումների  որոշակի քայլեր արդեն արված են, ինքը արդարադատության նախարարի պաշտոնում ստացել է մեծ օրենսդրական, ինստիտուցիոնալ, կառուցակարգային ժառանգություն, ու դրա վրա հենվելով՝ կարող է բավարարել հասարակության որոշակի ակնկալիքներ: Անդրեասյանը նշեց, թե նախատեսում է այս շաբաթվա ընթացքում հանդիպումներ անցկացնել ԲԴԽ-ի, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի հետ, քանի որ, նախարարի բնորոշմամբ, միայն այս բոլոր մարմինների հետ համատեղ աշխատանքի միջոցով է հնարավոր իրականացնել այն դատաիրավական բարեփոխումները, որոնց հասարակությունը սպասում է:

«Ուզում եմ հատուկ կարևորել, որ ես նախատեսում եմ բոլոր իմ որոշումները, հատկապես ինստիտուցիոնալ վերափոխումների, անցկացնել մեր հասարակական կազմակերպությունների գործընկերների հետ ինտենսիվ քննարկումների և կոնսենսուսի միջոցով: Այսինքն, հուսով եմ՝ իմ քննարկումները շուտով կտան Ձեր պատասխանը՝ ինչպես է լինելու այդ զտումը, բայց որ կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է զտվեն և դուրս մղվեն համակարգից, դա ինձ համար միանշանակ է, միանշանակ է նաև մեր կառավարության համար»,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան:

Լրագրողի դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը կոշտ վեթինգ էր խոստանում, ասում էր՝ պետք է հեռացվեն կամ հեռանան, բայց երկու տարվա ընթացքում դատավորները ո՛չ հեռացել են, ո՛չ հեռացվել, արդյո՞ք Անդրեասյանն իր մեջ քաղաքական կամք ունի, որ իր թվարկած դատավորներին հեռացնեն.

«Պարոն Փաշինյանի բոլոր խոստումները սկսել են և իրականացվում են և ճանապարհին են: Վեթինգը արդեն իսկ սկսված է, Դուք կարող եք ծանոթանալ, որ արդեն կան համակարգից դուրս մղված դատավորներ և, միևնույն ժամանակ, արված է, նորից եմ ասում, ամենակարևորը՝ հիմքերն են դրված, որպեսզի ես կարողանամ, օրինակ, գործել և կոնկրետ ձեզ արդյունքներ ապահովել մեր աշխատանքի ընթացքում: Այնպես որ՝ ինչ որ խոստացվել է, արվել է և ճանապարհին է, մնացածը՝ արվելու»:

Լրագրողները նորանշանակ նախարարին հիշեցրին Փաշինյանի՝ խորհրդարանական քարոզարշավի ընթացքում տված այլ խոստումների՝ վենդետաների, կադրային ջարդի մասին, նախարար Անդրեասյանը գոհունակությամբ արձագանքեց, թե ուզում է տեսնել «կոնկրետ իրավական գործողություններ բոլոր հանցագործներին իրավունքի սահմաններում պատժելու վերաբերյալ»:

«Հանցագործների, բոլոր իրավախախտների հանդեպ խիստ վերաբերմունք և օրենքի առջև պատասխանատու, պատժիչ արձագանք սպասվում է, դա խոստացվել է, դա հենց ժողովրդի պահանջն է, և ես կարծում եմ՝ իմ կարողությունները հնարավորինս ներդնելու եմ հենց հանցագործների և ապօրինությունների դեմ պայքարին…

Ինչ վերաբերում է քաղաքական տարբեր հայտարարություններին, ես ընդհանուր պատասխան կարող եմ տալ. ուրեմն քաղաքական բանավեճի մեջ կարող են լինել այլաբանություններ, սիմվոլներ, որոշակի նույնիսկ չափազանցություններ»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Տեսանյութեր

Լրահոս