Բաժիններ՝

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 27-ամյա քաղաքացին հետախուզվում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, 2021 թվականի հուլիսի 29-ին, ժամը 23:00-ի սահմաններում, մոտեցել են Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային:

Օրենքով սահմանված կարգով ներկայանալով ավտոմեքենայի սրահում գտնվող երիտասարդին՝ ոստիկանները պահանջել են իջնել ավտոմեքենայից, սակայն նա, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել է ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, որից հետո ավտոմեքենան վարել ճանապարհին կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել են փախչել ճանապարհի երթևեկելի գոտուց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

Որոշում է կայացվել երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, 27-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս