Կարող են լինել լրագրողների կերպարի տակ թաքնված վարձկաններ. Կարեն Անդրեասյան
Կառավարության նոր կազմի ձևավորումից հետո անդրանիկ նիստի ավարտին արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ ԱԺ-ում լրատվամիջոցների մոտ 250 ներկայացուցչի տեղաշարժի սահմանափակմանը: Նախկին ՄԻՊ Անդրեասյանը, որը, ի դեպ. 2010 թվականին հեղինակել է զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացման նորմը, նոր պաշտոնում լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ նրանց համեմատեց վարձկանների հետ՝ փորձելով այդ կերպ հիմնավորել Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները:
«Նախ, ուզում եմ ասել, որ Լիլիան Գալստյանին անձամբ եմ ճանաչում, շատ ցավում եմ իր հետ կապված միջադեպի հետ կապված: Ես գիտեմ, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ լրագրողը, եթե որևէ օրենք է խախտում կամ կարգ է խախտում, պետք է ենթարկվի պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ինչ բարձր առաքելությամբ է մարդը գործում. լրագրող է, բժիշկ է, իրավաբան է:
Ինչ վերաբերում է այսօրվա Ձեր հարցադրմանը՝ այդ սահմանափակումները… անվտանգության դեպքում՝ ազգային անվտանգության դեպքում, պետական անվտանգության դեպքում, աշխարհի բոլոր՝ ամենաքաղաքակիրթ երկրներում լինում են սահմանափակումներ: Եվ նաև հիշեցնելով, թե ով էր, օրինակ, Նաիրի Հունանյանը՝ լինելով լրագրող՝ կարող էր ինչեր անել, մենք պետք է հասկանանք, որ լրագրությունը կամ խոսքի ազատությունը բացարձակ արժեք չէ, և եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, մենք պետք է դա հարգենք: Դա, ի վերջո, մեր պետության պաշտպանության հարցն է:
Այլ խնդիր է, որ ես՝ որպես պաշտոնյա, և կարծում եմ՝ մեր բոլոր գործընկերները ԱԺ-ում, պիտի կարողանանք ձեզ համար ստեղծենք ամենանպաստավոր պայմանները աշխատանքի համար»,- ասաց Կարեն Անդրեասյանը
Լրագրողներից մեկը, ում մուտքը ԱԺ արգելված է, Անդրեասյանից հետաքրքրվեց, թե, օրինակ, ճեպազրույցի ընթացքում նախարարի կողքին կանգնած ի՞նչ ռիսկ են ենթադրում լրագրողներն Անդրեասյանի համար:
«Անձամբ Դուք՝ ոչինչ, դրա համար Ձեզ հետ կարելի է էսպես կանգնել»,- արձագանքեց Անդրեասյանը:
«Ես կարող եմ ասել՝ եթե կա անվտանգության սպառնալիք, ես հաշտ եմ սահմանափակումների հետ: Բայց դա պետք է արվի այնպես, որ չխանգարի ողջամիտ, հանգիստ աշխատանքը լրագրողների: Եվ եթե կարող է լինել՝ որոշակի ազատ շարժի դեպքում, վարձկանների, որոնք կարող են նաև թաքնված լինել լրագրողների կերպարի տակ, եթե կարող են լինել այդպիսի վարձկաններ և նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանել, ուրեմն ես գտնում եմ, որ մենք պետք է հավատանք անվտանգության մարմիններին… Ես իմ կարծիքն եմ ասում… Ես ասում եմ, որ կան ռիսկեր»,- ասաց Անդրեասյանը ու հեռացավ՝ անպատասխան թողնելով լրագրողների մյուս հարցերը՝ ինչո՞վ են լրագրողները սպառնում խորհրդարանականներին, ինչո՞ւ Անդրեասյանը՝ որպես արդարադատության նախարար, լրագրողների հետ առաջին հանդիպման ժամանակ նրանց վարձկանների հետ համեմատեց….
Հ.Գ. Արդարադատության նորանշանակ նախարարին գուցե պետք կլինի հիշել օրեր առաջ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքը՝ ուղղված Նաիրի Հունանյանին հաճախ հիշող իշխանականներին:
«Ասում եք՝ Նաիրի Հունանյանն էլ է լրագրող եղել, է՜, Նիկոլ Փաշինյանն էլ է լրագրող եղել»: