Վահե Ղալումյանը չի բացառում Տավուշի մարզում տարածքների փոխանակումը
«Զորքերի տեղակայման հետ ոչ մի ինֆորմացիա չունեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզում ռուսական զորքերի տեղակայմանը:
Իշխանական պատգամավորը վստահեցրեց, որ իրենց օրակարգում Տավուշից որևէ տարածք հանձնելու հարց գոյություն չունի:
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, որ Տավուշի մարզում կան հայկական հողեր, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ և կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են Հայաստանի տիրապետության տակ, Վահե Ղալումյանը չբացառեց, որ կարող է փոխանակում տեղի ունենա.
«Չեմ բացառում, ես գտնում եմ, որ կա խնդիր, որ պետք է նստել, խոսել, հասկանալ»:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ստորագրե՞լ է այն հայտնի փաստաթուղթը, որի մասին հայտարարել էր դեռ մայիսին՝ կառավարության նիստում, Վահե Ղալումյանը պատասխանեց, որ այդ հանձնաժողովը դեռ չի ստեղծվել, որը պետք է զբաղվի սահմանների հարցերով:
Դիտարկմանը, որ Փաշինյանի այդ հայտարարությունից շուրջ 3 ամիս է անցել, ինչո՞ւ մինչ օրս այդ հանձնաժողովը չի ստեղծվել, պատգամավորը պատասխանեց.
«Խնդիրներ կան, խնդիրները հարթելով պետք է առաջ գնալ, որ հանձնաժողով ստեղծվի»:
Վահե Ղալումյանը տեղեկացրեց, որ այսօր ուղևորվելու է Տավուշ՝ խնդիրներին տեղում ծանոթանալու: