ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի դիրքորոշումը C-400 ԶՀՀ-ներ գնելու վերաբերյալ
Մոսկվան գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնելու վերաբերյալ, լուրջ ներուժ է տեսնում Անկարայի հետ համագործակցության զարգացման համար, պրոֆիլային գերատեսչությունները շփման մեջ են գտնվում այդ հարցի շուրջ:
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի Չորրորդ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Յուրի Պիլիպսոնը:
«Գոհունակությամբ նշում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող լայն շրջանակի հարցերի շուրջ ռուս-թուրքական գործընկերության առաջընթացի աճը: Բացառություն չի նաեւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը:
Համատեղ նախագծերի իրագործումը, ամենից առաջ 2019 թվականին Անկարային «Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբի մատակարարումը, ցույց է տալիս մեր երկրների վճռականությունը այդ բնագավառում փոխգործակցության համակողմանի ամրապնդման նկատմամբ: Դրա համար լուրջ ներուժ ենք տեսնում»,-ասել է Պիլիպսոնը:
«Գնահատում ենք թուրք գործընկերների դիրքորոշումը, որոնք գործում են պաշտպանունակության ապահովման ազգային խնդիրներին համապատասխան, չնայած բացահայտ արտաքին ճնշմանը»,-ընդգծել է նա: Պատասխանելով C-400-ի երկրորդ խմբի գնման ժամկետների վերաբերյալ հարցին՝ Պիլիպսոնը պարզաբանել է, որ «պրոֆիլային գերատեսչությունները շփման մեջ են գտնվում երկկողմ ռազմա-տեխնիկական հետագա զարգացման հարցերի շուրջ»:
«Մասնագետներին հանգիստ աշխատելու հնարավորություն տանք, այստեղ պետք չէ սին բաներով տարվել»,-ամփոփել է դիվանագետը: Ռուսաստանը եւ Թուրքիան C-400 զենիթահրթիռային համակարգերի լրակազմի պարտավորագիրը կնքել են 2017 թվականին, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանը-աշնանը:
Գործարքը ճգնաժամ է առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում: Ապրիլի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը շարունակում է Ռուսաստանի հետ բանակցությունները C-400-ի երկրորդ խմբի գնման շուրջ: ԱՄՆ-ի պետքարտուղար Վիկտորյա Նուլանդը հուլիս ամսին Կոնգրեսում անցկացված լսումների ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կպահպանի Անկարայի նկատմամբ գործող պատժամիջոցները եւ նոր պատժամիջոցներ կսահմանի ռուսական սպառազինություն գնելու դեպքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: