
ԱՄՆ-ի հետախուզությունը ստացել է Ուհանի լաբորատորիայում վիրուսների մասին գենետիկ տվյալները. CNN

ԱՄՆ հետախուզական ծառայությունները վերլուծում են Ուհանի վիրուսաբանական ինստիտուտի լաբորատորիայում ուսումնասիրված վիրուսների մասին գենետիկ տվյալները: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ և ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում հետազոտությունների հետ կապված սերվերների կոտրման հետևանքով: Հրապարակման համաձայն` ԱՄՆ-ն այժմ տիրապետում է Ուհանի լաբորատորիայում ուսումնասիրված 22 հազար վիրուսների մասին տեղեկություններին։
Գենետիկական տեղեկությունների զանգվածը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ կոնկրետ եզրակացություն անել։ Նման աշխատանքներ են տարվում ԱՄՆ Էներգետիկայի նախարարության լաբորատորիաներում գերհամակարգիչների օգնությամբ։ CNN-ի տվյալներով` վերլուծական գործընթացը բարդ է նրանով, որ ուղեկցող ձայնագրություններն արվել են չինարեն լեզվով, ուստի ամերիկյան հատուկ ծառայություններին պետք է ոչ միայն գտնել չինացի բանիմաց մասնագետներ, այլև համոզվել, որ նրանց կարելի է վստահել: Այդ աշխատանքի ավարտի ճշգրիտ ժամկետները դեռ որոշված չեն: