Իրանը կաջակցի ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի պատժամիջոցների չեղարկմանը. Էբրահիմ Ռայիսի
Իրանի իշխանությունները կաջակցեն ցանկացած դիվանագիտական ծրագրի, որը կհանգեցնի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը: Այս մասին երդման արարողության ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության նոր նախագահ Էբրահիմ Ռայիսին:
«Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա», – նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:
Իրանի նախագահը հավելել է, որ Իրանի միջուկային ծրագիրը միանգամայն խաղաղ է: «Իսլամական Հանրապետությունը, ըստ Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար Ալի Խամենեիի ֆաթվայի (կրոնական կարգադրություն), արգելում է միջուկային զենքը, և այդ զինատեսակին տեղ չկա երկրի պաշտպանական ռազմավարության մեջ», – ասել է Ռայիսին: