Ֆրանսիայի բնակչության մի մասին կառաջարկեն COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը. Մակրոն
Ֆրանսիայում տարեց մարդկանց եւ բնակչության խոցելի խմբերին կսկսեն COVID-19-ի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինն առաջարկել արձակուրդների շրջանն ավարտվելուն պես: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայրենակիցների հետ հաղորդակցվել էր Instagram-ում: «Մենք, ինչպես նաեւ մյուս եվրոպական երկրները, պատրաստվում ենք սկսել տարեց մարդկանց եւ բնակչության խոցելի խմբերին ներարկել (կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի) երրորդ չափաբաժինը»,-նշել է Մակրոնը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայում երրորդ չափաբաժնի ներարկումը կսկսվի արձակուրդների շրջանն ավարտվելուց հետո: Ֆրանսիայի առջողապահության նախարարության տվյալների համաձայն, պատվաստման արշավի սկսվելուց ի վեր երկրում բնակչության 53 տոկոսն արդեն լրիվ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (35 մլն 738 հազար 643 մարդ), բնակչության 63,6 տոկոսն ստացել է պատվաստանյութի մեկ չափաբաժինը (42 մլն 895 հազար 720 մարդ):
Ավելի վաղ sputnik ռադիոն հաղորդել է որ Մակրոնը գնահատական է տվել սանիտարական անցագրերի դեմ հանդես եկողների գործողություններին: