Բաժիններ՝

«Ասում են՝ մի անպատասխանատու քաղաքացի ինչ-որ բան է գցում զուգարան, գալիս կանգնում է «լյուկի» վրա, խցանվում է, ու ամբողջ բակը լցվում է կոյուղաջրով». Բնակիչները հարցի վերջնական լուծում են ակնկալում

Վիկտոր Համբարձումյան 8/1 հասցեի բնակիչները բողոքում են՝ կոյուղաջրերը լցվում են բակ: Ասում են՝ դիմել են պատկան կառույցների, որոնք գալիս են, նայում, մի քիչ գործ անում, սակայն 2 օր անց նույն խնդիրն առաջանում է:

Բնակիչների փոխանցմամբ՝ շենքն ունի 5 մուտք, ամեն օր պատուհանները փակում են, որպեսզի կոյուղաջրերի հոտը տուն չլցվի, իսկ երեխաներն էլ դրսում խաղալ չեն կարողանում:

«7-8 տարի է՝ դիմում ենք համայնքապետարան, «Վեոլիա ջուր», ասում են՝ մի անպատասխանատու քաղաքացի վերցնում ինչ-որ մի բան գցում է զուգարան, գալիս կանգնում է «լյուկի» վրա, խցանվում է, ու ամբողջ բակը լցվում է կոյուղաջրով: Ում դիմում ենք՝ բոլոր գցում են «Վեոլիա ջրի» վրա: Համայնքապետարանն ասում է՝ «Վեոլիա ջրին» դիմեք, նրանք էլ պատասխանում են, որ խնդիրն անլուծելի է, քանի որ ժողովուրդը ինչ-որ բան է գցում մեջը: Հասկանում եմ, որ բնակիչներն էլ են մեղավոր, բայց գոնե գան, վերջնական լուծեն հարցը, նորմալ մաքրեն՝ խցանում չլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյան 8/1 հասցեի բնակիչներից Արթուրը:

Հավելենք, որ վերջին անգամ օգոստոսի 4-ին են եկել, մաքրել խցանումը «Վեոլիա ջրից», սակայն բնակիչները համոզված են, երկու օրից կրկին նույն խնդրի առջև են կանգնելու:

Կապ հաստատեցինք նաև «Վեոլիա Ջուր» ընկերության մամլո խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով հայտնեց, որ խնդրին տեղյակ են, ուսումնասիրություն է կատարվելու:

«Այս 2 օրը ուսումնասիրություն պետք է անեն, որպեսզի հասկանան, թե ինչու է կուտակում լինում, միգուցե ինժեներական լուծում պետք լինի: Ե՛վ երեկ, և՛ անցած շաբաթ ենք գնացել այդտեղ: Խնդիրն այն է, որ մաքրում են, սակայն էլի կուտակվում է: Պետք է հասկանանք պատճառը և լուծում տանք: Այնպես որ, հարցի լուծումն ընթացքի մեջ է»,- պատասխանեց ընկերության մամլո խոսնակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս