Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
Օգոստոսի 5-ին ԱՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Հայրապետյանը: Ինչպես հաղորդում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությանը, նիստին ներկա էր Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Քննարկվել է «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքի նախագիծը,որը ներկայացրել է Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Ա. Մովսիսյանը:
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է վարչական իրավախախտում կատարած անձանց, մինչև նախագիծն ԱԺ ուղարկելու օրը ներառյալ, ազատել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից քննության ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական իրավախախտում կատարելու համար վարչական ակտով նշանակված տուգանքի գումարը կամ դրա չվճարված մասը վճարելու պարտականությունից և տրանսպորտային միջոցներ վարելու՝ հատուկ իրավունքից զրկելու ձևով նշանակված տույժերից, ինչպես նաև կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիշյալ վարչական ակտերի հասցեատերերի սոցիալական վիճակը բարելավելու անհրաժեշտությամբ:
Հանձնաժողովի նիստում որոշվել է՝ պատգամավորների կողմից հնչեցված առաջարկները գրավոր ներկայացնել օրինագծի երկրորդ ընթերցմանը:
3 կողմ ձայնով օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացվել է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը:
Հաջորդիվ քննարկվել է««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Ժ. Միրզոյանի ներկայացմամբ օրինագծով սահմանվում է Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալ հանրապետական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, ինչպես նաև նախատեսվում է այդ հանձնաժողովին լրացուցիչ լիազորություններ վերապահելու հնարավորություն:
Օրենքի նախագիծը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ, որոնք տարածվում են անորոշ թվով անձանց վրա:
Նախագծի հեղինակը պարզաբանումներ է տվել պատգամավորների հարցադրումներին:
Հաձնաժողովը միաձայն դրական եզրակացությամբ օրինագիծը ներկայացրել է արտահերթ նիստի քննարկմանը: