«Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին
«Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 5-ին երկրպագուները դիմավորեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից վերադարձած արծաթե մեդալակիր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին և բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին:
Նրանց հետ նաև Հայաստան են ժամանել ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը:
«Արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի իրոք հաղթանակ լիներ, որ այն նվիրեի պատերազմում զոհված մեր տղաներին: Չստացվեց, իմ օրը չէր», – լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոն Մարտիրոսյանը:
Լուսանկարները` Հայկ Մանուկյանի
Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր նվաճած օլիմպիական բրոնզե մեդալը Հայաստանում առկա պայմանների համատեքստում հաղթանակ է համարում: «Սա մենակ իմ հաղթանակը չէ, սա բոլորիս հաղթանակն է: Երրորդ տեղը մեր պայմանների համար ոսկե մեդալ եմ համարում: Գիտեք, թե ինչ վիճակում ենք: Սառույցը կոտրվեց և բոլորիս համար հասանելի դարձավ»,- ասաց Դավթյանը:
Օլիմպիական մեդալակիրներին դիմավորելու էին եկել նաև Սիմոն Մարտիրոսյանի և Արթուր Դավթյանի ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության եւ ծանրամարտի տղամարդկանց հավաքականների բոլոր անդամները: