Կարևորվել է Արցախի և Սյունիքի դերը հայոց պետականության համար. Արցախի ԱԳ նախարարը Սյունիքում հանդիպել է հայաստանյան
Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Գորիս քաղաքում հանդիպել է Հայ բարեգործական ընդհանուր միության և «Ronak Press» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված դասընթացներին մասնակցող հայաստանյան, սփյուռքահայ և օտարերկրյա մի խումբ լրագրողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությանը:
Արծարծվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։
Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, լսել նրանց տեսակետներն ու կարծիքները։
Նույն օրը ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել նաև Գորիսի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն ու պետականաշինությանն առնչվող թեմաներ։
Երկուստեք կարևորվել է Արցախի և Սյունիքի դերն ու նշանակությունը հայոց պետականության համար և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։