ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոնից ավելի պատաստանյութ է ուղարկել ավելի քան 60 երկրներ
Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ը COVID-19-ի դեմ 110 միլիոն չափաբաժնից ավելի պատաստանյութ է նվիրաբերել եւ ուղարկել աշխարհի ավելի քան 60 երկրներ: Այդ մասին հաղորդել է Associated Press-ը:
Պատրաստուկները հատկացվել են պահուստների ավելցուկից, որոնք գոյացել են ԱՄՆ-ում պատվաստման տեմպերի դանդաղման ֆոնին: Դրա իրավունքն ունեցող 12-ից բարձր տարիքի մոտավորապես 90 մլն ամերիկացիներ դեռ պատաստանյութի ոչ մի չափաբաժին չեն ստացել: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է այն պլանները, որոնց համաձայն օգոստոսի վերջին ԱՄՆ-ը կսկսի Pfizer պատաստանյութի 500 մլն չափաբաժին մատակարարումները, որոնք պետք է մինչեւ 2022 թվականի հունիս բաշխեն ցածր մակարդակով եկամուտ ունեցող 100 երկրների միջեւ:
Հունիսին Սպիտակ տունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք պետք է կորոնավիրուսի դեմ 55 մլն չափաբաժին պատաստանյութ ստանան Բայդենի այն խոստմանը համապատասխան, ըստ որի ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին տրամադրվելու է 80 միլիոն չափաբաժին պատաստանյութ: Բայդենը նաեւ ընդգծել էր Վաշինգտոնի ռազմավարությունը մյուս պետություններում կորոնավիրուսի տարածման դանդաղեցումն է:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը ցածր եւ միջին մակարդակի եկամուտ ունեցող երկրներին նվիրաբերել է ավելի շատ պատվաստանյութ, քան ամբողջ աշխարհն ընդհանուր առմամբ: Վերջին շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման եւ դրա հետ կապված մահվան դեպքերի թվի աճ, ինչը տագնապ է առաջացնում ամերիկյան իշխանությունների մոտ: Այդ ժամանակաշրջանում հոսպիտալացումների թիվն ավելացել է 41 տոկոսով, իսկ մահերի թիվն ավելացել է հասնելով օրական 300-ի (25 տոկոսով), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: