Բիլ և Մելինդա Գեյթսերը պաշտոնապես ամուսնալուծվել են
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Մելինդա Ֆրենչ Գեյթսը, պաշտոնապես ավարտել են ամուսնալուծության գործընթացը: Այդ մասին հաղորդել է CNN Business-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ օգոստոսի 2-ին նրանց ամուսնալուծության մասին որոշմանը հավանություն է տրվել դատարանի կողմից:
CNN-ը, վկայակոչելով դատական փաստաթղթերը, հաղորդում է, որ արդեն նախկին ամուսիններից ոչ մեկը չպետք է ալիմենտ վճարի մյուսին: Ամուսնալուծության ֆինանսական կողմի մասին այլ մանրամասներ չեն հրապարակվել: Նաեւ փաստաթղթերում նշվել է, որ Մելինդա Ֆրենչ Գեյթսը մտադիր չէ փոխել անունն ու ազգանունը: Բիլ եւ Մելինդա Գեյթսերն իրենց ամուսնալուծության մասին հայտարարել էին մայիսի սկզբին: Նրանք ամուսնացած են եղել 27 տարի: Նրանց համատեղ հայտարարության մեջ ասվել է, որ ամուսնալուծության վերաբերյալ որոշմանը նախորդել են «երկար խորհրդածությունները եւ հարաբերությունների վրա լուրջ աշխատանքը»:
Զույգն ընդգծել է, որ կշարունակի համատեղ աշխատանքը իրենց կողմից հիմնված Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամում (Bill & Melinda Gates Foundation): Ապագա ամուսինները ծանոթացել են 1987 թվականին, երբ Մելինդան Microsoft ընկերությունում սկսել է աշխատել որպես պրոդակտ-մենեջեր: Նրանք ամուսնացել են 1994 թվականին Հավայան կղզիներում: Նրանց ամուսնությունից ծնվել է երեք զավակ՝ Ջենիֆեր Քաթարին Գեյթսը, Ռորի Ջոն Գեյթսը եւ Ֆիբի Ադել Գեյթսը: 2000 թվականին ամուսինները հիմնել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը, որն զբաղվում է գլոբալ առողջապահության զարգացմամբ, աղքատության եւ սովի դեմ պայքարով, ԱՄՆ-ում կրթությանը աջակցություն ցուցաբերելով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: