 
                        Նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ ՀՀ նախագահ Սարգսյանին ուղղված հրավերը
 
                                    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ:
Հայաստանի և Բուլղարիայի նախագահները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է փոխգործակցության խորացման համար, որը հիմնված է հայ և բուլղար ժողովուրդների երկարամյա պատմամշակութային կապերի վրա:
Ըստ աղբյուրի՝ նախագահները հեռանկարային են համարել գործընկերությունը, մասնավորապես, մշակույթի, կրթության, նորարարության, կենսատեխնոլոգիայի ոլորտներում:
«2022 թ. Հայաստանը և Բուլղարիան նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը լրացուցիչ ազդակ է երկկողմ համագործակցության խորացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Ռադևը վերահաստատել է Բուլղարիա պետական այց կատարելու՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված հրավերը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        