ԿԺԴՀ-ն Հարավային Կորեային առաջինն է առաջարկել՝ վերականգնել կապուղիները. Ռյոնհափ
Հենց ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն է Հարավային Կորեային առաջարկել վերականգնելու կապուղիները, որոնք Հյուսիսային Կորեայի նախաձեռնությամբ խզվել էին անցյալ տարի: Այդ մասին հաղորդել է Ռյոնհափ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին։
Հարավային եւ Հյուսիսային Կորեաները հուլիսի 27-ին վերջապես պայմանավորվել են հարաբերությունները վերականգնելու եւ միջկորեական կապուղիների աշխատանքը վերականգնելու շուրջ: Հայտնի է դարձել, որ ապրիլ ամսից պետությունների ղեկավարները մի քանի անգամ պաշտոնական ուղերձներ են փոխանակել, որի արդյունքում էլ սկսվել է հաղորդակցությունների վերականգնումը:
Դա Փենյանի հետ երկխոսությունը վերսկսելու հույս է առաջացրել: Ավելի ուշ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին նույնիսկ առաջարկել է կոնֆերենց-համակարգ ստեղծել կորոնավիրուսի պայմաններում վիրտուալ բանակցությունների անցկացման համար: Բայց սկզբում պաշտոնատար անձինք հրաժարվել են մեկնաբանել, թե ով է առաջինն առաջարկել վերականգնել կապը: Սեուլը մի քանի անգամ հայտարարել է, որ Փենյանի հետ չի քննարկել ինչ-որ գագաթնաժողովների անցկացումը:
«ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ընն առաջարկել է (վերականգնել կապուղիները)»,-խորհրդարանին հետախուզության հայտարարությունը մեջբերել են Հարավային Կորեայի կառավարող Միավորված ժողովրդավարական կուսակցության պատգամավոր եւ հետախուզության գործերի խորհրդարանական կոմիտեի քարտուղար Կիմ Բյոն Գին եւ «Քաղաքացիական ուժ» կուսակցությունից պատգամավոր Հա Տհե Գյոն:
Հետախուզությունը պատգամավորներին հաղորդել է, որ ապրիլ ամսից Հարավային եւ Հյուսիսային Կորեաների ղեկավարները երկու անգամ պաշտոնական ուղերձներ են փոխանակել, որտեղ «վստահությունը եւ միջկորեական հարաբերությունները վերականգնելու» կամք են հայտնել: Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալության (NIS) ղեկավար Պակ Չի Վոնը նշել է, որ Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին չի առաջարկել երկու պետությունների ղեկավարների գագաթնաժողով անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: