
Երևան տեղափոխվող 59-ամյա կինը մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող 62-ամյա կինը, ով մահացողի քույրն է, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի Բ/Կ

2021 թվականի օգոստոսի 01-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 02։00-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում շտապօգնության մեքենա է կողաշջվել։ Պարզվել է, որ միմյանց են բախվել «MERCEDES BENZ C200» մակնիշի ավտոմեքենան և «JIN BEI» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, որի մեջ գտնվող, բուժօգնության նպատակով Երևան քաղաք տեղափոխվող 59-ամյա կինը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայում գտնվող հիվանդին ուղեկցող 62-ամյա կինը, ով մահացողի քույրն է, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևանի Բ/Կ» ՓԲԸ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով։
Կատարվել են քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, տրանսպորտային միջոցների զննություն, համեմատական հետազոտության համար ստացվել են նմուշներ։ Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն, դատաբժշկական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, իսկ մահացած կինը ճանաչվել է տուժող։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: