«Վա՞տ բան ենք անում». Լոռու մարզպետարանից գրություն են ուղարկել Վանաձորի դպրոցի տնօրեններին

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 670 հազար քաղաքացու քվե ստացած իշխող ուժն արդեն երկու օր խորհրդարանում է, իրացնում է իր լիազորությունները, հիմնականում ձևավորել է կառավարությունը, բայց կարծես դեռ զգում է հանրության վստահության պակասը ու մարդկանց իր կողքին հավաքելու խնդիր է փորձում լուծել: Առաջիկայում Վանաձորի քաղաքապետի ընտրություններն են:

168.am-ին հասած տեղեկություններով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշնանը Վանաձորի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ քաղաքում տիրող իրավիճակին ծանոթանալու, վանաձորցիների հետ աշխատելուն ուղղված քայլեր է իրականացնում: 168.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի գրություն, որը Լոռու մարզպետարանից ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ի խմբին: Գրությամբ դպրոցների տնօրեններին խնդրում են դասղեկների միջոցով իրազեկել աշակերտների ծնողներին, որպեսզի ներկա լինեն նախաձեռնած հանդիպումներին:

«Հարգելի գործընկերներ,

ՀՀ Լոռու մարզպետի նախաձեռնությամբ ս/թ օգոստոսի 3-ին և 4-ին նախատեսվում է մարզի պաշտոնյաների այց Վանաձորի և հարակից համայնքների թաղամասեր՝ լսելու տեղի բնակիչներին անհանգստացնող հարցերը և փորձելու դրանց լուծմանն օժանդակել:

Խնդրում եմ Ձեզ դասղեկների միջոցով ապահովել Ձեր դպրոցի սովորողների ծնողների իրազեկման աշխատանքները: Այցի վայրերն ու ժամանակացույցը՝ կից ֆայլով»,- նշված է գրության մեջ:

168.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը նախ մեր հարցին հարցով պատասխանեց, թե «Վա՞տ բան ենք անում», հետո հերքեց հանդիպման նպատակի մասին մեզ հասած տեղեկությունը:

Արամ Խաչատրյանի հետ զրույցը՝ ստորև.

– Պարոն Խաչատրյան, մի գրություն ենք ստացել, որն ուղարկվել է Վանաձորի դպրոցի տնօրենների «Վայբեր»-ին, որ այցեր են լինելու Վանաձոր և հարակից թաղամասեր: Ուզում էի իմանալ՝ ի՞նչ նպատակ ունեն այս այցերը, ինչո՞ւ է հանրությանն այդ այցերի մասին տեղեկացնելու նման եղանակ ընտրվել:

– Մարդկանց հետ աշխատակիցները պետք է շփվեն, ծանոթանան՝ ի՞նչ խնդիրներ կան, ծանոթանան այդ խնդիրների հետ և այլն:

– Ինչո՞ւ է ընտրվել հենց դպրոցի տնօրենների կամ դասղեկների միջոցով այդ հանդիպումը կազմակերպելու տարբերակը:

– Վա՞տ բան ենք անում: Մարդկանց հետ գնում են, շփվեն մեր աշխատակիցները. կրթության վարչության պետը՝ կրթության ոլորտի հետ կապված, առողջապահության վարչության պետը՝ առողջապահության ոլորտի հետ կապված, գյուղվարչության պետը՝ այդ ոլորտի հետ կապված, մարդկանց հետ ծանոթանան՝ ինչ խնդիրներ կա, ինչ առաջարկություններ կարող են լինել, որ ներկայացնենք կառավարությանը կամ օրենսդիր մարմնին: Ժողովրդի հետ նմանատիպ հանդիպումներ ենք կազմակերպում: Ուրիշ ոչ մի բան չկա: Աշխատանքային ձևաչափ է, որը ընտրել ենք մենք, և կարծում եմ՝ արտառոց որևիցե բան չկա:

Մենք շուտվանից էինք նախատեսել, բայց քանի որ ընտրություններ էին, որոշեցինք սպասել, որ ավարտվեն, որպեսզի այլ ենթատեքստ չլինի:

– Պարոն Խաչատրյան, մեզ հասած տեղեկություններով՝ նպատակը Վանաձորի ընտրություններից առաջ ընդհանուր դաշտը շոշափելն է, հասկանալը…

– Ոչ, ոչ, նման բան չկա:

– Դուք բացառում եք, որ նման պարզաբանում ունենալու հնարավորությամբ են այս հանդիպումները լինելու:

– Այո, ես բացառում եմ, նման բան չի կարող լինել: Եվ բովանդակությունն էլ կարող եք գնալ, տեսնել, որ ընդհանրապես Վանաձորի ընտրությունների հետ կապված որևէ խոսակցություն չի կարող լինել:

Հ.Գ. Իմքայլական Արամ Խաչատրյանը առաջին մարզպետն էր, որ բարձրաձայն հայտնեց, թե մարզի այն համայնքապետերը, որոնք արտահերթ ընտրությունների ընթացքում աջակցում էին այլ քաղաքական ուժերի, պետք է հրաժարական ներկայացնեն, ու խոստանում էր, որ լինելու են շատ խիստ այդ համայնքապետերի հետ, «պողպատե մանդատի ուժը ժողովուրդը պետք է զգա իր մաշկի վրա»: Վանաձորում 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում հաղթել էր իշխող ՔՊ-ն՝ այն դեպքում, երբ Վանաձորի համայնքապետը ՀՀԿ անդամ Մամիկոն Ասլանյանն է:

Տեսանյութեր

Լրահոս