Աֆղանստանում թալիբների հետ աշխատելու պատրաստակամություն են հայտնել
Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամադ Խանիֆ Աթմարը հայտարարել է, որ երկրի պաշտոնական իշխանությունները պատրաստ են «Թալիբան» շարժման հետ համագործակցել միայն մի պայմանով. այն պետք է դադարի աջակցել ահաբեկչությանը։
«Մենք պատրաստ ենք աշխատել «Թալիբան»-ի հետ, պատրաստ ենք նրանց վերցնել կառավարության կազմում, պատրաստ ենք նրանց հետ հաշտության եւ նրանց հետ իշխանությունը կիսելուն: Եվ մենք այնքան էլ շատ պայմաններ չունենք դրա համար, եւ իրականությունը միայն մեկն է՝ երկրի ներսում Աֆղանստանի ապագան պետք է որոշվի աֆղան ժողովրդի ազատ կամքով, իսկ արտաքին սահմաններին Աֆղանստանը չպետք է սպառնալիք ներկայացնի ոչ մի այլ երկրի համար, իսկ մեզ մոտ չպետք է լինի ոչ մի օտարերկրյա ահաբեկչական ուժ… Մեր կառավարությունը պատրաստ է «Թալիբան»-ին ընդունել որպես նրա մի մաս այն պայմանով, որ նրանք դադարեն աջակցել ահաբեկչությանը»,-ասել է Աթմարը «Իզվեստիա. թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ օտարերկրյա զինակիցների օգնությամբ թալիբները կառավարական զորքերի դեմ մարտեր են մղում 34 նահանգներից 31-ում:
«Սա «Թալիբան»-ի ամենաանմարդկային եւ վայրագ արշավն է»,-ասել է Մոհամադ Խանիֆ Աթմարը: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ խռովարարներն ընդհուպ մոտեցել են Հերաթին՝ երկրի հարավում գտնվող համանուն նահանգի կենտրոնին, ինչպես նաեւ մարտեր են մղում Լաշքարգահում՝ Աֆղանստանի հարավային մասի Գիլմենդի նահանգի գլխավոր քաղաքում:
Անկայունությունը երկրում աճում է մինչեւ սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը եւ «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը:
Այն նախատեսում է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում եւ միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: