Դուք Ձեր CV-ները կարդացե՞լ եք, դե մի հատ էլ մերը կկարդաք. Հայկ Մամիջանյանը՝ «ՔՊ» պատգամավորներին
8-րդ գումարման ԱԺ-ում այսօր փոխնախագահների ընտրության օրն էր: Առաջինը ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանի խոսքից հետո «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն իր ելույթում չանդրադարձավ Ռուբինյանի մասնագիտական որակներին՝ նշելով, թե ՀՀ քաղաքացիները կարող են բացել Ռուբեն Ռուբինյանի ցանկացած մասնագիտական՝ միջազգային հարաբերություններին վերաբերող, քաղաքական բանավեճ, որը տեղի է ունեցել այս ընտրարշավի ընթացքում, ու տեսնել նրա մասնագիտական որակները:
«Նաև չեմ խոսի նրանից, թե ինչի պատճառով ենք մենք այդքան ուշադրություն դարձնում դիվանագիտությանը և միջազգային հարաբերություններին, որովհետև իմ խորին համոզմամբ, ԱԺ նախագահության հիմնական գործառույթներից մեկը խորհրդարանական դիվանագիտության իրականացումն է՝ բնականաբար, հաշվի առնելով Արտաքին կապերի մշտական հանձնաժողովը: Եվ նախորդիվ իր ունեցած փորձառությունը արդյունավետ որակելը շատ դժվար է»,- ասաց Մամիջանյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն անդրադարձավ Ռուբինյանի՝ իր խոսքում հնչեցրած հայտարարությանը, թե ինքը սևերի և սպիտակների բաժանման փորձեր չի արել: Մամիջանյանը ԱԺ նախագահի տեղակալի թեկնածուին հիշեցրեց 2018թ. արտահերթ ընտրությունների ժամանակ Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ընթացքում հնչեցրած՝ «2018թ.-ի ընտրություններին մենք կմխենք ՀՀԿ դագաղի վերջին մեխը» արտահայտությունը.
«Դե հա, իհարկե, բացարձակ ատելության խոսք չկա: Դա սիրո և հանդուրժողականության դրսևորում է»:
Շարունակելով թեման և բանավեճը, որը ծավալվեց այս դահլիճում՝ նոր պատգամավոր, հին պատգամավոր, ինչ-որ ներողամտություն և այլն՝ հարգելիներդ, դուք ձեր CV-ները կարդացե՞լ եք, դե մի հատ էլ մերը կարդացեք ու էլ սրանից հետո նման որակումներ չտաք: Երկրորդ՝ ներողամտության կարիք մեր ֆրակցիան, մեր խմբակցությունը չունի, և ձեր խոսույթը ու դիսկուրսը, հռետորիկան, ոնց ուզում եք՝ անվանեք, լավ կլինի փոխեք: Եվ երրորդը, այս թղթից (ԱԺ պատգամավորի անցաթուղթ) պիտի որ բոլորդ ունենաք, եթե այս շենքում եք, ես էս 15 րոպե ման եմ գալիս վրան, ոչ մի տեղ «թատրոն» գրած չէր, էդ ծափահարությունների ավանդույթը եկեք թարգեք:
Ինչ վերաբերում է Ձեր հարցերից վերջինի պատասխանին՝ «հուսով եմ՝ դուք ինձ կընտրեք», վստահաբար, պարոն Ռուբինյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը Ձեզ չի ընտրի»,- խոսքը եզրափակեց Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում