«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կդիմեն Սահմանադրական դատարան
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահի ընտրության գործընթացի սահմանադրականությունը վիճարկելու պահանջով: ԱԺ նիստում այս մասին հայտնեցին խմբակցության անդամները:
«Ինչպես մեր խմբակցությունը երեկ հայտարարեց՝ եթե ԱԺ նախագահի քվեարկությունը կատարվելու է առանց երկու թեկնածուների մասնակցության, մենք այդ ընտրությունը համարելու ենք ապօրինի և դիմելու ՍԴ՝ ընտրական գործընթացը հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Երկրորդ՝ հիմք ընդունելով Սահմանադրությունը և ԱԺ կանոնակարգ օրենքը՝ դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ պատգամավորների անձեռնմխելիության առկայության պայմաններում նրանց ապօրինի ազատությունից զրկելու փաստը հաստատելու և նաև մի շարք իրավական հիմքեր ստեղծելու ուղղությամբ»,-ասաց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը հավելեց, որ երեկվա ընտրությունների պրոցեսը տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց դաշինքը ևս վիճարկելու է այդ գործընթացի սահմանադրականությունը ՍԴ-ում:
«Հայաստան» խմբակցությունից Արամ Վարդևանյանն էլ նշեց, թե քվեարկության գործընթացը ևս ունեցել է տեխնիկական, բայց էական բնույթի խախտում: «Քվեարկությունը սկսված լինելու պայմաններում անհասկանալի կերպով ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել և նորից սկսվել է քվեարկությունը: Պետք է պարզապես ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը»,- ասաց նա ու հավելեց՝ դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի: