Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշ ժամանակն ապրել է Թուրքիայում, ինչի մասին նրա կենսագրության մեջ նշված չէ. Աննա Մկրտչյան
8-րդ գումարման ԱԺ-ում այսօր փոխնախագահների ընտրությանն օրն էր: Առաջինը ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրված Ռուբեն Ռուբինյանը: Ելույթից հետո առաջին հարցը պատգամավորին ուղղեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Ռուբինյանի՝ Թուրքիայում ապրած և ուսանած տարիներին:
«Իմ հարցը տալու իրավունքից օգտվելն ունի բացարձակապես մեկ նպատակ: Ես ուզում եմ ևս մեկ անգամ բարձրաձայնել այն իրականությունը, որում մենք ապրում ենք, այն վտանգներով լի իրականությունը, և ամենևին չի հետապնդում որևէ նպատակ՝ լսելու պատասխան, որը լի է լինելու ստով ու կեղծիքով, ինչպես այս մարդկանց երեք տարվա գործունեությունը:
Այսպիսով, հարգելի քաղաքացիներ, ուզում եմ հիշեցնել, որ իշխող խմբակցությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է մի մարդու, ում կենսագրությունը շատ ճկուն է: Մասնավորապես, այն փոփոխվում է՝ ըստ զբաղեցրած պաշտոնի: Հանրությանը հայտնի է այն հանգամանքը, որ Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի որոշակի ժամանակահատված անցկացրել է Թուրքիայում, և այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկատվություն որևէ մեկիս չի տրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքն արդեն բավական երկար ժամանակ է՝ հանդիսանում է հանրային պաշտոնյա:
Ի՞նչ է սա նշանակում: Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել է մի իրավիճակ, որտեղ ՀՀ ԱԺ նախագահը կարող է լինել թուրքի լրտես՝ Օմեգա մականունը կրող, ինչը, ըստ էության, ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել տեսականորեն նաև այս ԱԺ-ն: Մասնավորապես, այդ նույն իշխանությունը կարող է այս անգամ էլ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել թուրքի լրտեսի: Այ այսպիսի ռիսկեր ու վտանգներ ունենք մենք»,- ելույթում ասաց Աննա Մկրտչյանը:
Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց, որ ինքը 2017թ. Հրանտ Դինքի անվան ծրագրի շրջանակներում մի քանի ամիս Թուրքիայում իրականացրել է հետազոտությունը:
Որպես արձագանք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշեց, թե տեսականորեն իր համար Ռուբինյանի՝ Թուրքիայում մի քանի ամիս անցկացնելը կարող էր պայմանավորված լինել «հերթական լրտեսական տառը ստանալու» հանգամանքով:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում