Ուժի մեջ է մտել տնտեսավարողների ցուցակը ՄՊՀ ներկայացնելու կարգը սահմանելու որոշումը
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2021 թվականի մայիսի 31-ին ուժի մեջ մտած փոփոխություններով սահմանվել են անձանց խմբի ներսում համակենտրոնացման գործարքների վերաբերյալ նոր կարգավորումներ։ Այս մասին տեղեկացնում է մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվել է, որ անձանց խմբի ներսում տեղի ունեցող վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները համակենտրոնացում չեն համարվի և ենթակա չեն լինի հայտարարագրման, եթե գործարքից կամ վերակազմակերպումից առնվազն մեկ ամիս առաջ անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կարգով ներկայացվել են Հանձնաժողով՝ բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանվել են Հանձնաժողովի 2021 թվականի հուլիսի 13-ի «Անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևը սահմանելու մասին» թիվ 161-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 17-ից:
Թիվ 161-Ն որոշմամբ, ի թիվս վերոնշյալի, սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները Հանձնաժողով ներկայացվելու և պաշտոնական կայքում տեղադրվելու դեպքում Օրենքով նախատեսված պայմանը գործարքից առնվազն մեկ ամիս առաջ Հանձնաժողովին անձանց խմբի մասին տեղեկացնելու վերաբերյալ, կհամարվի պահպանված։