Պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները. ունեմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը. Ալեն Սիմոնյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱԺ–ում, որը ներկայացնում ենք ստորև․
«Շնորհակալություն եմ հայտնում «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցությանը իմ թեկնածությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրելու համար։ Մինչ բուն խոսքիս անցնելը, ուզում եմ շնորհակալություն հայտնել 7-րդ գումարման Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին։ Հատուկ ուզում եմ նշել իմ ընկեր, գործընկեր ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանին, ԱԺ 7-րդ գումարման իմ բոլոր թիմակիցներին, որոնց հետ անցանք անմարդկային դժվար ճանապարհ։ Հիմա ուզում եմ ասել, որ հպարտանում եմ ձեզանից յուրաքանչյուրով, շնորհակալ եմ, որ պինդ և հավատարիմ մնացիք ձեր սկզբունքներին, թիմին և մեր երկրին։
Իսկ հիմա իմ և, ինձ թույլ կտամ՝ նաև մեր բոլորի անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության հպարտ, ուժեղ և իմաստուն ժողովրդին, որ այս բարդ ժամանակներում հերթական անգամ ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորեց Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովը։ Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաև ՀՀ Սահմանադրական դատարանը հաստատեց դրանց արդյունքները։ Ուստի ուզում եմ շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, «Հայաստան» դաշինքին, որը ցավոք բացակայում է, և «Պատիվ ունեմ» դաշինքին՝ խորհրդարան անցնելու առիթով։ Հայաստանի Հանրապետությունը պառլամենտական երկիր է, իսկ Ազգային ժողովը՝ հայ ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, և մենք բազմաթիվ անելիքներ ունենք միասին։
Մենք աշխատանքի ենք անցնում Հայաստանի և ողջ հայության համար դժվարագույն մի ժամանակ, ինչը ենթադրում է ավելի բարձր պատասխանատվություն, քան երբևէ։ Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ և տարաձայնություններ, բայց պետք է նաև աներկբա վերահաստատենք, որ Հայաստանի Հանրապետությունում մենք թշնամիներ չունենք և չենք կարող ունենալ։
Ազգային ժողովը, գտնվելով քաղաքական գործընթացների առաջնագծում, մարդկանց համար հանդիսանում է ամենակարևոր չափորոշիչներից մեկը բոլոր առումներով։ Ստացվել է այնպես, որ անկախ Ազգային Ժողովի ունեցած իրավական գործիքակազմից և գործառույթներից՝ մարդիկ իրենց սպասումներն առաջին հերթին կապում են հենց մեզ հետ, մեր խոսքի հետ, այս՝ թիվ մեկ քաղաքական ամբիոնի հետ, և մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Ուստի թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն այս շենքից և, ընդհանրապես, մեր առօրյայից։ 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գնացել ընտրատեղամաս, որ մենք այստեղ իրար ատենք կամ այս ամբիոնից ատելության խոսք տարածենք։ Բավակա՛ն է, հայ ժողովուրդն առանց այն էլ դժվար պատմական փուլ է անցնում, և ես բոլորիդ խնդրում եմ և հորդորում, որ անկախ այսօրվա քվեարկություններում գրանցված արդյունքներից, վերափոխվենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ մարդու: Մենք բոլորս գիտենք, որ մեր երկրի անվտանգությունն առաջնային և կարևորագույն խնդիրներից է, և մենք չենք խորշում դրա մասին հաճախ խոսել, բայց հաճախ մոռանում ենք, որ մեր ասած յուրաքանչյուր խոսքն իր արձագանքն է գտնում և գտնելու է մեր սահմանների ամբողջ երկայնքով։
Ուստի ցանկացած բան անելիս, ցանկացած խոսք ասելիս, քաղաքական յուրաքանչյուր հայտարարություն և գործընթաց սկսելիս, մենք պետք է այն դիտարկենք նախ և առաջ մեր երկրի անվտանգության տեսանկյունից և մշտապես նախապատվությունը տանք կառուցողական գործելաոճին և միասնականության աստիճանը բարձրացնող քայլերին։
Ես՝ ինքս, այսօր պարտավորվում եմ անել ամեն բան և սեփական օրինակով այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Ընտրվելու պարագայում, որպես ՀՀ ԱԺ նախագահ, իմ առաջնային խնդիրներից է լինելու ապահովել Ազգային ժողովի՝ որպես պետության կարևորագույն ինստիտուտի, անխափան գործունեությունը և արդյունավետությունը։ Բազմաթիվ անելիքներ ունենք արտաքին հարաբերությունների ոլորտում։ Իզուր չէ, որ ընտրությունների ժամանակ բոլոր կուսակցությունների նախընտրական քարոզարշավի կարևորագույն ասելիքներից մեկը հենց դա է եղել։
Ազգային Ժողովն այդ տեսանկյունից լավագույն հնարավորությունն է բոլորիս համար, և այստեղ նույնպես անելիքներ կան։ Այս ընտրությունների շնորհիվ այժմ դահլիճում կան բազմաթիվ փորձառու գործիչներ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության շարքերում, ուստի հրամայականը մեկն է՝ միասնաբար ծառայեցնել մեր ուժերը երկրի անվտանգության ապահովման համար, մեր միասնական շահերի սպասարկման համար։
Հաջորդ կարևորագույն անելիքը օրենսդիր գործունեության ապահովումն է։ Նոր իրավիճակը և արագ առաջ ընթացող աշխարհը մեզ պարտադրում են օրենսդրական արագ և անսխալ լուծումների գործելաոճ։ Ազգային ժողովի, այդ թվում՝ մշտական հանձնաժողովների անխափան աշխատանքների ապահովումը և համագործակցությունը կարևորագույն հրամայական է այսօր։ Իսկ դա կրկին ու կրկին հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերի և պատրաստակամության պարագայում։
Այսօր մենք ունենք համատեղ աշխատանքի հնարավորություն: 8-րդ գումարման Ազգային ժողովի մեկնարկը յուրահատուկ զրոյական կետ է, որտեղ բոլորս մեր աշխատանքի ոճի և ապագա անելիքի տրամաբանության ձևավորման հիմքն ենք դնելու։ Ոչ մի անհնար բան մեզ համար չկա, պետք է միայն քաղաքական կամք և գիտակցում, որ մեր երկրի ապագան կերտում ենք հիմա։
Իմ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ, ինչպես նաև կուսակցության վարչության անդամ լինելը, վտահեցնում եմ, չի խոչընդոտելու արմատական տարբեր մոտեցումների առկայության պարագայում կազմակերպելու ներխորհրդարանական աշխատանքներն ու համագործակցությունը մեր ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համընդհանուր շահի գիտակցումը գերակա է,և մեծ է նոր սկիզբ դնելու գիտակցումը։
Ընտրվելու պարագայում ես պատրաստ և բաց եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ քննարկել ցանկացած հարց` ի նպաստ մեր պետության և ժողովրդի: Ես պատրաստ եմ մոռանալ փոքր տարաձայնությունները հանուն մեծ նպատակների: Ազգային ժողովի և համատեղ աշխատանքի կազմակերպման գործում ես ունեմ ձեզանից յուրաքանչյուրի աջակցության և խորհրդի կարիքը։ Հավատացած եմ, որ անկախ բոլոր տարաձայնություններից, տարբեր մոտեցումներից՝ մեզանից յուրաքանչյուրն իր սրտում և մտքում ապրում է հայ մարդով, Հայաստանով, Արցախով և Սփյուռքով։ Ուստի, անցնենք գործի, որովհետև Հայաստանում և Արցախում ապագա կա, կա՛ ապագա։
Աստված պահապան և օգնական մե՛զ և հայ ժողովրդին»։