Եթե ազատազրկվածը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, պետք է նրան ազատել կալանքից, և հիմքերի առկայության դեպքում միջնորդել ԱԺ՝ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ. Արթուր Ղամբարյան

Եթե անազատության մեջ գտնվող անձը ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, ապա այդ փաստի ուժով, որպես իրավական հետևանք, սկսում է գործել ազատությունից զրկելու (անազատության մեջ պահելու) մասով պատգամավորի անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը։ Դա առաջացնում է իրավական և քաղաքական հետևանքներ։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը:

«ԻՐԱՎԱԿԱՆ հետևանքների մասով՝

1․ քրեական հետապնդման իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ ազատ արձակել պատգամավորին, այնուհետև, հիմքերի առկայության դեպքում, միջնորդել Ազգային ժողովին՝ համաձայնություն տալու պատգամավորին ազատությունից զրկելու վերաբերյալ․

2․ եթե քրեական հետապնդման մարմինը դրսևորում է անգործություն, ապա ազատությունից ապօրինի զրկված պատգամավորի փաստաբանը, ՀՀ քր․ դատ․ օր-ի 137-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության ուժով, պետք է միջնորդություն ներկայացնի դատարան՝ թույլատրելի ճանաչել (․․․) մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորության մասին: Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելը նոր հանգամանք է, որը նախկինում հայտնի չէր կարող լիներ, քանի որ օբյեկտիվ իրականությունում այն գոյություն չուներ։

Վերը նշվածը չաշխատելու դեպքում, այս խնդիրներն անկասկած ծագելու են անազատության մեջ գտնվող պատգամավորի՝ կալանքի ժամկետը երկարացնելու միջնոդրությունը քննարկելիս։

ՔԱՂԱՔԱԿԱՆ հետևանքի մասով՝

Պառլամենտարիզմի պայմաններում պառլամենտը պետք է հայտարարություն տարածեր՝ առանց պառլամենտի համաձայնության անազատան մեջ պահվող պատգամավորին ազատ արձակելու մասին, որից հետո հարցը կարող էր տեղափոխվել սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթ»,- գրել է Ղամբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս