Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street լցանավի վրա հարձակվելու մեջ
Լոնդոնը կարծիք է հայտնել, որ Իրանը պատասխանատվություն է կրում Արաբական ծովում ճապոնական Mercer Street լցանավի վրա իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
«Կարծում ենք, որ դա միջազգային իրավունքի նորմերի նպատակաուղղված և ակնհայտ խախտում է Իրանի կողմից: Միացյալ Թագավորության իրականացրած գնահատման արդյունքում եզրակացություն է արվել, որ Իրանը հուլիսի 29-ին բարձր ճշգրտությամբ հարձակում է իրականացրել Mercer Street-ի վրա Օմանի ծոցի ափամերձ միջազգային ջրերում՝ կիրառելով մեկ կամ ավելի անօդաչու թռչող սարք»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է թագավորության ԱԳՆ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև ասվում է նավարկության ազատության ապահովման անհրաժեշտության և այն մասին, որ «Իրանը պարտավոր է դադարեցնել նման հարձակումներ իրականացնել»:
Հիշեցնենք, որ լցանավի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի ուշ երեկոյան: Նավի Zodiac Maritime օպերատոր ընկերությունը, որը պատկանում է իսրայելցի գործարարի, սկզբում հայտնել էր, որ խոսքը կարող է ծովահենների հարձակման մասին լինել, սակայն ՄԹ Ծովային առևտրի կազմակերպությունը հայտնել է, որ միջադեպը ծովահենների հետ կապ չունի: