Բաժիններ՝

Հայ գրականությունը՝ անիմացիաներով՝ 17-ամյա Հեղինեի կայքում

Անիմացիան այլևս արվեստ չէ, որը կարող է օգտագործվել միայն մուլտֆիլմերում կամ մանկական ներկայացումներում: Պրոֆեսիոնալ անիմացիոն ստուդիաները զբաղվում են տարբեր ոլորտների համար անիմացիայի ստեղծմամբ, դրա ճկունությունն ու անհատականությունը թույլ են տալիս նույնիսկ փոքր անիմացիոն նկարին դառնալ տեղեկատվության իրական ռեսուրս:

Անիմացիաները սովորելը դարձնում են ավելի ինտերակտիվ և զվարճալի: Եվ նրանք նաև օգնում են ավելի լավ բացատրել որոշակի երևույթ, քանի որ դրանք ամեն ինչ հստակ ցույց են տալիս: Բացի ամեն ինչից, այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են ավելի հեշտ ընկալում տեսողական տեղեկատվությունը, ուստի տրամաբանական է, եթե կրթությունը հարմարվի սովորողներին և ստեղծի անիմացիոն բացատրություններ:

Հենց նման նպատակ ունի 17-ամյա Հեղինեի կայքը։ Հեղինեն ցանկանում է ավելի դյուրին դարնձնել հայ գրականության ուսումնասիրությունը և դրա համար ստեղծում է իր կայքը։

Հեղինե Մելիքյանն ապրում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և սովորում է ավագ դպրոցում։

«Մեր բնակության վայրը բնավորություն է ձևավորում մեր մեջ, քանի որ Վարդենիսը գրեթե ամբողջությամբ շրջապատված է լեռներով, մեր մեջ կա հպարտություն, համառություն, ըմբոստություն և համարձակություն, որը գալիս է լեռներից։

Ես շատ հետաքրքրասեր մարդ եմ, ու ինձ միշտ հետաքրքրում է, թե ինչպես է ամեն ինչ ստեղծվում։ Այդ ինչպես հարցի հետևից գնալով ու լսելով նաև «Արմաթի» նախագծերի համակարգող Անի Ղազարյանի խորհուրդը՝ դիմեցի Վարդենիսի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան։ Սա ինձ համար հեղափոխական էր, որովհետև, երբ տեսնում էի շատ բաներ, մտածում էի՝ ինչպես են դա անում։ Առաջինը մենք սովորեցինք կայքեր ստեղծել։ Երբ որ սկսեցինք հավաքել կայքեր, իմ մոտիվացիան շատ մեծ էր, քանի որ այն, ինչ տեսնում էի համացանցում, հիմա կարողանում էի ստեղծել ինքնուրույն։

Այսպես սկսվեց իմ մուտքը ՏՏ ոլորտ։ Երբ եկավ ժամանակը, որ մենք պետք է մեր կայքի գաղափարը առաջարկեինք, իմ մտքով միանգամից անցավ հայ գրականությունը, որը ես շատ եմ սիրում։ Ու սկսեցի կայք հավաքել հայ գրողների և իրենց ստեղծագործությունների մասին։ Կայքը դեռ անավարտ է, և կայքի հետ կապված շատ գաղափարներ կան։ Ուզում եմ բոլոր հետաքրքրություններս օգտագործեմ այս կայքում, որպեսզի այն հետաքրքրի թե երեխաներին, և թե մեծ մարդկանց։

Կայքը լինելու է ուղենիշ-խորհրդատու դպրոցականների համար։ Իմ ցանկություններից մեկը անիմացիաներ ստեղծելն է։ Նպատակ ունեմ Հայաստանում մեծ անիմացիոն կենտրոն բացելու։ Կայքում ուզում եմ, որ լինեն անիմացիներ հայ գրողների հեքիաթներով, պատմվածքներով, որպեսզի մարդիկ ոչ միայն հաճույքով կարդան, այլ նաև դիտեն բովանդակությունը»։

Հեղինեն կարծում է, որ ցանկացած գաղափար իրականություն կարող է դառնալ, եթե շատ երևակայենք, հետո փորձենք այդ երևակայությունը նպատակ դարձնել։

«Պետք է թույլ տալ մեր երևակայությանը հասնել այն տեղեր, որոնք հնարավոր են և հնարավոր չեն, որովհետև հենց երևակայելուց են մեզ մոտ առաջանում այն գաղափարները, որոնք հետո մենք իրագործում ենք։ Հետո պետք է երևակայած գործը դարձնել նպատակ։ Հետո արդեն գործել այդ նպատակն իրականություն դարձնելու համար։ Պետք է երբեք չհանձնվել՝ անկախ այն բանից, թե ինչ կասեն մեր շրջապատի մարդիկ։ Ամեն ինչ պետք է անել հանուն մեր ես-ի, համայնքի ու դրանից բխող՝ երկիրը զարգացնելու համար։ Եթե կա հնարավորություն դուրս գալու, պետք է դա անել, բայց նպատակ ունենալ հետ դառնալու և կրթելու շատ-շատ երեխաների, որոնք հետո երկրի հիմքն են դառնալու։ Հիմա մեզնից, իսկ հետո՝ իրենցից է կախված մեր երկրի ապագան»,- ասում է Հեղինեն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս