Հայկական ռոբոտը կմասնակցի «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի» միջազգային փուլին
«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի» միջազգային փուլը մեկ տարի անց կկազմակերպվի Գերմանիայում, եթե, իհարկե, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չսրվի։ 168.am-ի զրուցակից Նարեկ Սարգսյանն ընկերների հետ պատրաստվում է օլիմպիադային․ հայկական թիմը փորձելու է անել այնպես, որ հաջողությամբ ներկայացնի Հայաստանը։
Այս տարի արդեն երրորդ անգամ մասնակցեցինք «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի» (ՌՀՕ) ազգային փուլին: 2019թ. այդ մրցույթում ճանաչվել ենք ավագ տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերած թիմ: 2020թ. ստացել ենք երեք մրցանակ՝ «Ավագ տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերած թիմ», «Ստեղծարար լուծումներ առաջարկող թիմ» և «Ամբողջ մրցույթի հաղթող»՝ արժանանալով ոսկե մեդալի, և անցել ենք միջազգային փուլ, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով միջազգային փուլը չեղարկվեց:
«Այս տարի «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայում» ստացանք կրկնակի մրցանակ՝ «Ավագ տարիքային խմբում լավագույն արդյունք ցուցաբերած թիմ» և «Ամբողջ մրցույթի հաղթող», և դարձյալ անցանք միջազգային փուլ, որը կազմակերպելու է Գերմանիան: Հույս ունենք, որ այս տարի այն չի չեղարկվի»:
Այժմ Նարեկը թիմակիցների հետ աշխատում է «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի» խնդիրը լուծող ռոբոտի վրա, որը կմասնակցի ՌՀՕ միջազգային փուլին. «Ազատ ժամանակս համարյա ամբողջությամբ տրամադրում եմ դրան, որ հայկական թիմը պատվով ներկայանա միջազգային հարթակում»,- ասում է նա:
«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադային» մասնակցելու համար հարկավոր է ստեղծել ռոբոտ, որը կլուծի առաջադրված խնդիրը։ Օլիմպիադայի խնդիրը կազմվում է «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի» միջազգային ասոցիացիայի կողմից, որը հիմնականում կապված է բնական աղետների լուծման հետ։ Խնդիրը նույնն է բոլոր մասնակից երկրների համար, երկրներն անցկացնում են հանրապետական փուլեր, հաղթող թիմերը մրցում են միմյանց հետ միջազգային փուլում։ Այս տարվա խնդիրն էներգամատակարարումն է։ Կան տարբեր գույների բլոկներ՝ խորհրդանշող տարբեր տեսակի էներգիայի տեսակները՝ արևի, քամու և հիդրոէներգիա։
«Ռոբոտը հետևելով ճանապարհին՝ պետք է տեղափոխի և տեղադրի համապատասխան գույնով էներգաբլոկները համապատասխան տների մոտ` ապահովելով դրանց էներգամատակարարումը։ Պետք է ուղղի արևային պանելների դիրքը, վերադառնա սկզբնական կետ։ Մրցույթի ժամանակ նաև, առաջարկվում է անակնկալ առաջադրանք՝ հավելյալ միավորներ ստանալու համար։ Ռոբոտի վրա աշխատել ենք թիմով՝ երեք հոգով, մեր խմբավարների ուղղորդությամբ»,- պատմում է Նարեկը։
Նարեկը դեռ պատանի է, բայց այս օլիմպիադայից բացի՝ ունի մի շարք այլ նախագծեր։ Նա սովորում է Երևանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանում և հաճախում դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Ուսումնառության ընթացքում մասնակցել է բազմաթիվ սեմինարների, կրթական և ՏՏ էքսպոների, ֆորումների, համագործակցել ՏՏ ընկերությունների հետ:
«2019 թվականին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել եմ «Youth techkno art 2019» մրցույթ-փառատոնին, որտեղ մեր թիմը ստացավ խրախուսական մրցանակներ: Փառատոնի շրջանակներում շփվեցինք ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների հետ, կատարեցինք փորձի փոխանակում, ձեռք բերեցինք նոր ընկերներ: Մանկուց հետաքրքրվել եմ տեխնիկայով, ուսումնասիրել եմ տարբեր սարքերի աշխատանքի սկզբունքները, անսարք տեխնիկայի մասերից ստեղծել նոր սարքեր, հետաքրքրված եմ եղել նաև համակարգչային տեխնիկայով: Կարծում եմ` հենց այդ պատճառով էլ ընտրել եմ ՏՏ ոլորտը»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Նարեկը։
Նարեկը ատեղծել է բազմաթիվ նախագծեր թե՛ անհատապես, թե՛ թիմի հետ:
«Նախագծերից «Խելացի տունը» 2021 թվականի մարտին Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում կայացած «Ռոբոարտ-2021» ռոբոտաշինության միջշրջանային մրցույթ-փառատոնում արժանացավ ոսկե մեդալի: Նույն մրցույթում ոսկե մեդալի արժանացավ նաև «Բիոնիկ ձեռքը», իսկ արծաթե մեդալի՝ «Դաշնակահար ռոբոտը», որը ներկայացրել ենք նաև ՏՏ ցուցահանդեսներում, էքսպոներում, ֆորումներում, որոնցում արժանացել է հանդիսատեսի բարձր գնահատանքին: Այն ստեղծել ենք «Լոկատոր» ՓԲԸ-ի հովանավորությամբ: «Ռոբոարտ-2021»-ի շրջանակներում կազմակերպվեցին նաև սեմինարներ, կրթական էքսկուրսիաներ, դասընթացներ:
««Ջերմոցի ավտոմատ ղեկավարման համակարգ» նախագծով, որը նաև ներկայացրել ենք «Կրթություն և կարիերա-2021» Էքսպոյում, մասնակցել ենք «Դիջիկոդ- 2021» ծրագրավորման մրցույթին և «Python. Սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող ճանաչվել: Հունիսին մասնակցեցի ԱՏՁՄ-ի և «Գյոթե կենտրոնի» կողմից կազմակերպված «Մեդիագրագիտություն և անհատական տվյալների պաշտպանություն» հաքաթոնին, որտեղ մեր թիմը, ներկայացնելով «Կրիտիկուս» խաղը, հաղթող ճանաչվեց»,- հիշում է նա:
Նարեկը ոլորտում հաջողության հասնելու համար խորհուրդ է տալիս զբաղվել այն գործով, ընտրել այն ուղղությունը, որն իրենք իրոք սիրում են, քանի որ, եթե չսիրեն իրենց մասնագիտությունը, շատ դժվար կլինի հաջողել:
«Մի՛ հուսահատվեք անհաջողություններից, դա լավ փորձ է ապագայում մեծ արդյունքի հասնելու համար: Եղե՛ք ակտիվ, մասնակցե՛ք տարբեր միջոցառումների ու մրցույթների և մի՛ վախեցեք պարտությունից: Հետևե՛ք համաշխարհային ՏՏ նորություններին: Մի՛ դադարեք ստեղծագործել»,- ասում է նա:
Նարեկը կարծում է, որ կրթություն կարելի է ստանալ թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանյան բուհերում:
«Հնարավոր է՝ կրթությունս շարունակեմ արտասահմանյան որևէ բուհում, որ նորարարական գիտելիքներով ծառայեմ հայրենիքիս»:
Սիրարփի Աղաբաբյան