«Կա՛նգ առնենք, ժողովրդին չպիտակավորենք. ժողովրդին այս օրը գցել են՝ վախի մթնոլորտ ստեղծելով, մանիպուլյացիաներով». Կարինե Նալչաջյան

«Վախի մթնոլորտն այսօրվա իշխանությունների համար ամենաանհրաժեշտ բանն է: Շատ հաճախ մենք կարող ենք մարդկանց կողմից թվացյալ խիզախ արարքներ տեսնել, որոնց ակունքները վախի զգացման մեջ են: Բոլոր դեպքերում այսօր վախի մթնոլորտը հասել է էսկալացիային»,- «Հայելի» ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

Վերջինս նշեց, որ այսօրվա իրավիճակի հիմքերը դրվել են 2018թ.-ի իշխանափոխությունից հետո:

«Եթե մենք այսօր այսպիսի կորուստներից հետո ընտրության այսպիսի արդյունքներ ունենք, սա մտորելու տեղիք է տալիս: Ես հասկանում եմ մարդկանց զայրույթը, երբ ասում են՝ էս ժողովուրդն այս ի՞նչ արեց, նորից սրան ո՞նց բերեց իշխանության: Ներքին բողոքը հասկանալի է, բայց ամեն ինչ ունի իր բացատրությունը: Նույնիսկ մեր հասարակության պայքարող մասից շատերը շատ դառը խոսքեր են ասում մեր ժողովրդի հասցեին: Անկախ մեզնից, մենք մեր ազգային, խմբային ինքնագիտակցությունն իջեցնում ենք»,- ասաց Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ անկախ մեզնից, մենք դառնում ենք այդ մանիպուլյատիվ շղթայի մի մասը:

Վերջինիս խոսքով՝ մանիպուլյացիայի համար ամենապարարտ բանը նվաստացած, ինքնագնահատականն իջեցրած ժողովուրդն է:

«Եկեք կանգ առնենք, ժողովրդին չպիտակավորենք. Ժողովորդին այս օրը գցել են՝ վախի մթնոլորտ ստեղծելով, մանիպուլյացիաների ենթարկելով»,- ասաց հոգեբանը՝ նշելով, որ մարդկանց հատկապես հեշտ է վախեցնել փոքր համայնքներում:

Ըստ նրա՝ երբ մարդուն նվաստացնում են, նրա մոտ արթնանում է ինքնապաշտպանական բնազդը:

«Սա միավորման չի բերելու: Երբ մարդուն նվաստացնում ես, նա երբեք քո կողքը չի կանգնի»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

Անդրադառնալով նրան, որ ընտրություններից հետո մեծ է հիասթափությունը, հոգեբանը նկատեց՝ ամենահեշտը մեղադրելն է:

«1.5 տարի առաջ մենք չէինք պատկերացնի, որ Ռոբերտ Քոչարյանին ու իր թիմին այդքան մարդ ձայն է տալու: Պետք է հաշվի առնել, որ այդ վախեցած ու հիասթափված մարդկանցից շատերը չգնացին ընտրության: Իհարկե, չի կարելի հուսահատվել, որովհետև ելք միշտ կա: Պետք է կանգ առնել և լուծումներ գտնել, ժողովրդին համախմբել, թե չէ երկրորդ ցեղասպանությունն ընթացքի մեջ է»,- ասաց Կարինե Նալչաջյանը:

Ըստ նրա՝ «Ցեղասպանություն» երևույթի հատկանիշներից մեկն այն է, որ ստեղծեն այնպիսի պայմաններ, որ մարդը չկարողանա իր տանը, իր երկրում ապրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս