Եթե մի երկիր ի վիճակի չէ իր սահմանները պաշտպանել, ինժեներական առումով կահավորել, ապա շատ դժվար է խոսել այդ երկրի ապագայի մասին. Սեյրան Օհանյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 12-ից ՀՀ պետական տարածք ներթափանցմանը և ՀԱՊԿ անելիքներին՝ նշել է. «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»:
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կազմակերպության կանոնադրական դրույթներից է մեջբերում կատարել. ՀԱՊԿ-ը միջամտում է այն դեպքում, եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի վրա բացահայտ ագրեսիա կա, այսինքն՝ մարտական գործողություններ:
168.am-ի հետ զրույցում Ս․ Օհանյանը նշեց, որ, թեև կանոնադրական դրույթներին հղում տալը ճիշտ է, բայց կա նաև հարցի մյուս կողմը՝ ՀԱՊԿ անդամ Հայաստանին քաղաքական ու բարոյական աջակցության ցուցաբերումը.
«Կանոնադրական դրույթների մասին խոսելը, իհարկե, մի կողմից՝ ճիշտ է. դա նաև մեզ էլ է վերաբերում, քանի որ սահմանների պաշտպանությունն այն գլոբալ իրավիճակը չէ, որ ՀԱՊԿ-ը պետք է միջամտի: Այսինքն՝ եթե մի երկիր, որն ի վիճակի չէ իր սահմանները պաշտպանել, ինժեներական առումով կահավորել, ապա, իհարկե, շատ դժվար է խոսել այդ երկրի ապագայի մասին:
Բայց մյուս կողմից էլ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը ՀԱՊԿ անդամ է, և իրենք գոնե հայտարարություններով, Ադրբեջանի գործողությունները քննադատելով՝ բարոյական, քաղաքական աջակցություն պետք է ցուցաբերեն՝ մանավանդ Հայաստանի համար այս բարդ իրավիճակում:
ՀԱՊԿ-ը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կանխարգելի գործողությունները, որոնք կարող են բերել սադրանքի և առավել ևս՝ լայնամասշտաբ գործողությունների»:
Պաշտպանության նախկին նախարարը, այդուահանդերձ, վերահաստատեց իր դիրքորոշումը՝ սեփական սահմանների պաշտպանությունը պետք է ստանձնել սեփական ուժերով:
«Մեկ անգամ չէ, որ դրան անդրադարձել եմ. նույնիսկ ամոթ է ՀԱՊԿ-ին դիմել-ասել՝ եկեք մեր սահմանները պահեք: Հետաքրքիր է՝ ի՞նչ են դիմել. եկեք մեր սահմաննե՞րը պահեք, եկեք մեզ համար ինժեներական աշխատանքնե՞ր կատարեք, խրամատնե՞ր փորեք. ինձ համար անընդունելի է այդպիսի իրավիճակում ՀԱՊԿ-ին դիմելը»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: Տարբեր շրջանակներ, սակայն, շեշտեցին, որ դիմումը եղել է ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվում է անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքի: