Հերթական բարձրաստիճան այցը ՀՀ՝ առանց ԱԳ նախարարի. ո՞վ է ժամանում տարածաշրջան ու ի՞նչ օրակարգով
Տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8-ին կժամանի Հայաստան՝ երկօրյա այցով։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, այցի նպատակն է՝ վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը։
Հատկանշական է, որ այցը հաջորդում է Ռումինիայի, Լիտվայի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Բոգդան Աուրեսկուի, Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Ալեքսանդր Շալլենբերգի, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի, Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի այցին տարածաշրջան, որը, ի դեպ, լիազորված էր Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից: Սրան ընտրություններին ընդառաջ նախորդել էր արևմտյան միջնորդությամբ՝ ականապատ դաշտերի քարտեզների դիմաց ռազմագերիների վերադարձի գործարքը: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սա մայիսի 28-ից հետո թվով երրորդ կարևոր բարձրաստիճան այցն է Հայաստանի Հանրապետություն այն փուլում, երբ Հայաստանի Հանրապետությունը չունի ԱԳ նախարար և փոխնախարարներ, այսինքն՝ բացակայում է ՀՀ ԱԳՆ ղեկավար կազմը: Հիշեցնենք նաև, որ նախընտրական փուլում կայացել էր նաև ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Ռիքերի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետություն:
«168 Ժամ»-ի հետ զրույցում վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն նշեց, որ, բնականաբար, այս այցը պետք է դիտարկել տարածաշրջանի նկատմամբ ավելացած արևմտյան հետաքրքրությունների շրջանակում և ի հավելում վերջերս տեղի ունեցած բարձրաստիճան արևմտյան այցերի:
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ Արևմուտքի՝ թե ԵՄ-ի և թե ԱՄՆ-ի ուշադրությունը՝ և առանձին երկրների խնդիրների, և տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ աճել է:
«Եթե հետևեք այդ այցերի ընթացքում յուրաքանչյուր երկրում շրջանառվող օրակարգին, կտեսնեք, որ ԵՄ-ն, օրինակ, բավականին ճկուն է գործում և վերջապես վարում է տարբերակված քաղաքականություն։ Այսինքն՝ յուրաքանչյուր երկրում խոսում և առաջ է տանում այն օրակարգը, որը տվյալ երկրին անհրաժեշտ է: Վրաստանում դա բարեփոխումների թեման է, Հայաստանում՝ բարեփոխումների և հակամարտության, իսկ Ադրբեջանում՝ հակամարտության: Սրան զուգահեռ՝ մեծ փոփոխություններ են տեղի ունենում այն պրոյեկտում, որը ԵՄ-ի ակտիվության միակ դաշտն է հետսովետական ռեգիոնում։ Խոսքն Արևելյան գործընկերության մասին է: Այստեղ ևս ԵՄ-ն տարբերակված քաղաքականության շնորհիվ բաժանումներ է իրականացրել, և այն երկրները, որոնք ԵՄ-ի հետ հարաբերություններում ձգտում են ավելիին, ունեն հստակ արևմտյան զարգացման վեկտոր, կստանան այլ օրակարգ ԵՄ-ից՝ այլ ծրագրեր, ֆինանսավորում, ինտեգրում, խոսքը Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի մասին է: Կարծում եմ՝ պատահական չէր նաև, որ ՆԱՏՕ-ն Վրաստանի մասով հստակություն մտցրեց: Արևմուտքը գիտակցել է իր վերջին տասնամյակների սխալները հետսովետական տարածքում»,- նման տեսակետ հայտնեց Ցինցաձեն:
Նրա խոսքով, հնարավոր չէ, որ նման ներգրավվածությունը չտա իր պտուղները, և տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը ժամանակի ընթացքում չսկսի փոխվել: «Իհարկե, դա չափազանց բարդ աշխատանք է, քանի որ մենք տեսնում ենք, որ ԵՄ-ում շարունակում են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում տարակարծությունները, կան երկրներ, որոնք շարունակում են կարծել, որ ԱլԳ գոտում ցանկացած տեսակի ներդրումն ավելորդ և կորսված ներդրում է: Բայց ես կարծում եմ, որ ԱլԳ գոյության ընթացքում ԵՄ-ն տարածաշրջանի բարեփոխումներին աջակցելու հարցում լուրջ առաջընթաց է ունեցել»,- ասաց Ցինցաձեն:
Գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարի դիտարկմամբ՝ հանձնակատարի այցը կարծես ավելի տեխնիկական բնույթի է, քան քաղաքական: Նրա խոսքով, հանձնակատարը նախապատրաստում է տարեվերջին կայանալիք ԱլԳ գագաթաժողովը, փորձում հասկանալ՝ ինչ է արվել ու ինչ պետք է արվի մինչ գագաթաժողովը, ԱլԳ երկրներն ինչ են մտածում վերանայումների մասին, քանի որ այդ մասին վերջին շրջանում հաճախ է խոսվում:
Ըստ Ռարի, հասկանալի էր, որ ԵՄ-ի կողմից տարածաշրջանում եղան ԱԳ 3 նախարարներ, ու դա հստակ քաղաքական այց էր՝ ուղղված թե Ռուսաստանին, թե այն երկրներին, որտեղ նրանք այցելեցին, թե Ղարաբաղյան հակամարտությանը:
«Կարծում եմ՝ այս այցը փոքր մասով փորձելու է թարմ պահել նախորդ այցի ընթացքում քննարկված հարցերը՝ դրանց ավելացնելով ԱլԳ հարցերը, իրավիճակը այս գոտում և այն, թե ինչ են ակնկալում ԱլԳ երկրները ԵՄ-ից: Սա նաև հասկանալի է, քանի որ կորոնավիրուսի պատճառով թե կառույցները, թե գերտերություններն ակտիվ այցեր չեն ունեցել և հիմնականում աշխատել են հեռակա ռեժիմում՝ հեռախոսով: Այդ եղանակով, իհարկե, մեծ հարցեր հնարավոր չի եղել քննարկել, ու հիմա արգելափակման պայմաններում արագացված դիվանագիտական աշխատանք է մեկնարկել տարբեր ուղղություններով»,- ասաց Ռարը: Նա նաև հիշեցրեց, որ այս այցերին զուգահեռ՝ տարածաշրջանում եղել են այցեր՝ առանց այցի Հայաստան, ինչպիսին տարեսկզբին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցն էր Վրաստան, Ուկրաինա, Մոլդավա, որն իր հերթին՝ այլ օրակարգ ուներ, դրանից բացի, եղավ այց Թուրքիա նրա կողմից:
«Այսինքն՝ ակտիվ աշխատանք է ընթանում այս տարվա սկզբից, որը կապ ունի աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, ԵԱՀԿ ՄԽ դերի թուլացման և Թուրքիայի տարածաշրջանային դերի հետ»,- ասաց նա, հավելելով, որ ԵՄ-ն իր քաղաքական մասնակցության վերականգնման հարցով է զբաղվում: