Հայաստանի իշխանություններն առևտրի մաս են դարձրել որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների խնդիրը. Սիրանուշ Սահակյան
«Մենք բազմիցս ենք նշել, որ ռազմագերիների խնդիրը քաղաքականացվել է: Այն արդեն իսկ նոյեմբերի հայտարարությամբ տարվել է քաղաքական դաշտ, և մի քանի հայտարարություններից հետո, օրինակ, երբ բանակցությունների ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ մեզ չհաջողվեց համաձայնության գալ ռազմագերիների վերադարձի հարցում, միայն վերահաստատում էր այն թեզը, որ ռազմագերիների վերադարձը կախվածության մեջ է դրվել որոշակի պահանջների կատարումից»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական եթերում ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով գերիների վերադարձի մասին:
Վերջինիս խոսքով՝ բանակցողները, հատկապես՝ հայկական կողմը, ոչ թե դիրքավորվել է այնպես, որ Ադրբեջանը ունի պարտականություն միջազգային իրավունքի ներքո դա կատարելու, և անկախ ցանկացած զարգացումից, պետք է կատարի, և դրա չկատարման դեպքում Հայաստանը հետևողական է լինելու, որպեսզի միջազգային պատասխանատվություն վրա հասնի Ադրբեջանին իր կատարած խախտումների համար, այլ հայկական իշխանությունները սկսել են առևտրի մաս դարձնել ռազմագերիների խնդիրը, ինչը գոհացնում է հենց ադրբեջանցիներին:
«Եվ այս է պատճառը, որ հայ ռազմագերիները որպես պատանդ են պահվում այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի իշխանություններն իրենց խոստացած պահանջները լիարժեքորեն ի կատար չեն ածել: Մենք քարտեզների փոխանակման խնդրով տեսանք, թե ինչպես մարդիկ փոխանակվեցին քարտեզների դիմաց»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նա նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարողանա ռազմագերիների հարազատներին երաշխիքներ տալ, որ իրենց երեխաների՝ Բաքվի բանտերում օրեր կամ ամիսներ ավել մնալուց հետո նրանց ողջ են վերադարձնելու իրենց ընտանիքների անդամներին, միգուցե և ինքը փորձի հարգալից վերաբերվել Փաշինյանի՝ Ալիևի մասին արտահայտած կարծիքին:
«Սակայն մեր գործունեությունը ցույց է տալիս, որ օրերի, անգամ ժամերի ընթացքում տեղի են ունենում արտակարգ զարգացումներ, և այն անձինք, ում կարելի էր ողջ հայրենադարձնել, տևական ժամանակ մնալով ադրբեջանական բանտերում, ուղղակի սպանվում են, նրանց կյանքն այլևս փրկել ուղղակի հնարավոր չէ: Հասկանալի է, որ տևական ժամանակ խոշտանգումների և բռնության ենթարկելը կարող է նաև ինքնասպանության դրդել, և նաև առողջական վիճակի առանձնահատկություններից ելնելով՝ տևական ժամանակ դիմակայումը կարող է անհնար լինել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանն ասում է, որ իրենք իրենց ձեռքի տակ ունեն ապացույցներ, որ բազմաթիվ հայ ռազմագերիներ արդեն իսկ սպանված են, և մոտ ապագայում Հայաստանի իշխանությունները պետք է կարողանան պատասխան տալ նրանց ընտանիքների անդամներին:
Մանրամասները՝ տեսանյութում