Արագածավանում, 4 օր է, նույնիսկ գումարով խմելու ջուր չեն կարող ձեռք բերել
Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից ահազանգում են՝ 4 օր է, խմելու ջուր չունեն։ Համայնքի բնակիչներից մեկը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց նաև, որ Արագածավանի բնակչության շուրջ 95 տոկոսն օգտվում է հատուկ մեքենաներով Թալինից իրենց համայնք բերվող ջրից, ամեն օր մեքենան շրջում է գյուղերով, և մարդիկ տարաներով ջուր են գնում․
«1 ֆլյագեն՝ 40 լիտրը, 350 դրամ է․․․ Հունիսի 21-ից մեքենաները չեն եկել, արդեն 4 օր է՝ խմելու ջուր չունենք, էս պահին մի բաժակ ջուր է տանը։ Պատճառաբանում են, որ Թալինի կուտակման հորերում ջրի սակավության խնդիր կա, ջուր չկա․․․»։
Արագածավանի բնակիչը նաև տեղեկացրեց, որ, եթե նախկինում 1 օրում 2 մեքենա էր գյուղ մտնում, երբեմն էլ յուրաքանչյուր մեքենան՝ 2 անգամ, ապա այսօր ընդամենը 1 մեքենա է մտնում, այն էլ մասնավոր է, դրա համար ոչ բոլորն են կարողանում օգտվել․
«Հացի փուռ կա Արագածավանում, այդ փռի տերը իր սեփական մեքենայով (ցիստեռնով) Թալինից ջուր է բերում, մարդիկ էլ ով շուտ իմանում է, մեքենա ունի, գնում ջուր է առնում։ Ստացվում է, որ ով մեքենա չունի, կամ տարեց մարդիկ են, չեն կարողանում ջրից օգտվել․․․ Հատկապես հիմա, երբ ահավոր շոգ է ու ծիրանի սեզոնն է․․․»։
Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց գյուղացու փոխանցած տեղեկությունը.
«Սարի ջուրը պակասել է, այդ բասեինը չի լցվում, որ ջուր հասնի։ Ամեն օր 3-4 անգամ ջուր էին բերում, բայց այսօր բերում են 1 անգամ, չկա էլի․․․ Ոչ անձրև եկավ, ոչ ձյուն եկավ, սպասվում էր նման բան։ Բայց այնպես չէ, որ անելանելի վիճակ է, մենք արտեզյան ջուրը շուրջօրյա մատակարարում ենք, 50-60 տարի է՝ ժողովուրդն այդ ջրից խմում են․․․»։
Համայնքի ղեկավարից հետաքրքրվեցինք, թե արդյոք ջրի բաշխումը համակարգվո՞ւմ է, որպեսզի այնպես չստացվի, որ մի բնակիչն ամեն օր ջուր ստանա, մյուսը՝ ոչ։
«Համակարգվում է փողոցներով․ Պահանջվող քանակ չեն տալիս, քիչ-քիչ են տալիս, որ գոնե բոլորին յոլա տանենք։ Այսօր կանգնել էի ցիստեռնի կողքը, ֆլյագեքը չենք լցրել, վեդրոներով՝ 1 վեդրո, 2 վեդրո, որ բոլորին կարողանանք խմելու ջրով ապահովենք․․․»։